«Թող անուն նշի՝ ո՞ւմ նկատի ունի՝ այդպես ասելով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե «Իմ քայլը» դաշինքում այդքան բարոյական են, ապա «առնետներին» ինչո՞ւ են ընդունում իրենց ցուցակ», ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը:
Դավիթ Շահնազարյանը, հիշեցնենք, «առնետներ» ասելով նկատի է ունեցել ՀՀԿ-ի «նավը» լքածներին, իսկ «Իմ քայլի» նախընտրական ցուցակում որոշ նախկին ՀՀԿ-ականներ կան, այդ թվում՝ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:
«Նրանք դրսում հայտնված գործիչներ չէին, այլ հեղափոխության ընթացքում լինելով ՀՀԿ անդամ՝ պաշտպանում էին շարժումը, նաեւ՝ «կողմ» են քվեարկել Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու»,-նշեց Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլին» միացած նախկին ՀՀԿ-ականներին: «Ֆելիքս Ցոլակյանի անձի շուրջ հանրային ընկալումը բավականին դրական է»,-որպես օրինակ մատնանշեց նա:
Լենա Նազարյանը համոզմունք հայտնեց, որ որեւէ անբարոյական բան չկա նրանում, որ նախկին ՀՀԿ-ականներն ընդգրկվել են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ