ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր դատարան էր ներկայացել գործով տուժող Դավիթ Սիմոնյանը: Դատական նիստը, սակայն հետաձգվեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խնդրանքով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող նիստի մեկնարկին դատարանը ընթերցեց Երեմ Սարգսյանի դիմումը, որով նա տեղեկացնում էր՝ գտնվում է Արագածոտնի մարզում և հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հետաձգել նիստը:
Դատարանը գործով տուժողից հետաքրքրվեց, թե ինչու չէր ներկայանում նիստերին, ինչին ի պատասխան՝ Դավիթ Սիմոնյանն ասաց, որ ծանուցվել է, բայց հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նա սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց: Նախորդ դատական նիստին Հայկ Սարգսյանի պաշտպանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ