Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է դաբրոներով գոյատևեն. պետք է ինքնաբավ լինեն». Արթուր Սաքունց

Նոյեմբեր 21,2018 18:25

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ՝ այժմ շարունակում է գերակա լինել իշխանությունների տարանջատման և հակակաշռման մեխանիզմների ապահովման խնդիրը:

«Մեդիա կենտրոնի» կողմից Արմավիր քաղաքում`Արմավիրի Զարգացման կենտրոնի գրասենյակում կազմակերպված «ԱԺ արտահերթ ընտրություններ. քաղաքացիական հասարակության ակնկալիքներն ու պահանջները» թեմայով քննարկմանը Արթուր Սաքունցն ասաց, որ պետք է քաղաքական իրողություններին հստակ գնահատական տրվի:

Նա մանրամասնեց. «Նման գնահատական պետք է տրվեր 1991-ին՝ նախորդ՝ խորհրդային կառավարման ժամանակահատվածին: Այդ գնահատականի չտրման պատճառով մենք վերադարձանք միակուսակցական համակարգի՝ հանձինս ՀՀԿ-ի: Դրա հետ կապված քաղաքական գնահատականից բացի պիտի տրվեն իրավական գնահատական: Անցումային արդարադատության իմաստն այն է, որ ավտորիտարիզմի կամ բռնապետության կառավարման օրոք տուժվածների իրավունքների վերականգնման ճանաչվում է: Խոսքը նաև քաղաքական նպատակներով ունեզրկվածներին է վերաբերում:

Պետությունը պետք է ճանաչի, որ վատ կառավարման հետևանքով իր քաղաքացիների որոշակի խմբեր տուժել են և նրանց նաև պետք է փոխհատուցվի: Քաղաքական գնահատական պետք է տրվի, տրվի նաև իրավական գնահատականներ: Մեր ավտորիտար կառավարման և ժողովրդավարական կառավարման անցնելու սահմանագիծը պիտի դրվի: Ինչպիսի՞ն է այն չափանիշը, որից այն կողմ գնալն անընդունելի է: Սա բխում է թավշյա հեղափոխության տրամաբանությունից: Եթե այս խնդիրը լուծված լիներ, հեղափոխություն չէր լինի»:

Արմավիրի Զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները կարևոր են: Այնուհետև խոսեց մարզային կտրվածքով գերակա խնդիրների մասին. «Սահմանադրությունը, որը մենք ունեցանք, իրականում վարչապետի գերլիազորությունների արդյունքն է, որը ցանկացած իշխանության ժամանակ կարող է վտանգներ ունենալ և նորից ունենալ ժողովրդավարական կառավարման և ժողովրդավարական իշխանությունից շեղում»:

Դառնալով անցումային արդարադատության խնդիրներին ՝ Նաիրա Առաքելյանն ասաց. «Երբ առաջին անգամ հնչեց անցումային արդարադատություն, մեծ քննադատություն եղավ, առանց բուն իմաստը հասկանալու»:

Տեղական ինքնակառավարման խնդիրներին մասին խոսելով՝ Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ մենք տեղական ինքնակառավարում չունենք. «Գուցե օրենքը շատ լավն է. սահմանված են համայնքի ղեկավարի, ավագանու լիազորությունները, բայց դրանք ավելի շատ հռչակագրային բնույթ ունեն, քանի որ տեղական ինքնակառավարման համար կարևոր է համապատասխան մեխանիզմների՝ նյութական՝ ֆինանսական ռեսուրսների ապահովվածության, անկախության ապահովումը գործադիր իշխանությունից:

Տեղական ինքնակառավարումն ունի բովանդակություն՝ իշխանության ապակենտրոնացում՝ գործադիրից անկախ համակարգի կազմակերպում: Մեր աչքի առաջ էր, որ երկար ժամանակ, եթե մի քաղաքական ուժ ԱԺ-ում գերակշռություն ուներ, զարմանալիորեն բոլոր ՏԻՄ մարմիններում էլ նույն քաղաքական ուժը գերակշռություն ուներ: Իրապես համայնքներում լրիվ այլ քաղաքական ներկայություն կարող էր լինել, որը չէր հանդուրժելու կենտրոնականին: Մինչդեռ այդ ստեղծված համակարգում ռեսուրս ստանալու համար դաբրո պիտի ստանար ՏԻՄ մարինը, իսկ դա տալիս էր քաղաքական իշխանությունը: Տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է դաբրոներով գոյատևեն. պետք է ինքնաբավ լինեն այնքան, որ նույնիսկ պահանջներ ներկայացնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930