ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վերապահումներով է մոտենում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն առ այն, որ ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարված են: Նրա բնորոշմամբ՝ ժամանակավոր կառավարության ծրագրի շատ քիչ կետեր են կատարվել, ուստի ո՞րն է չափորոշիչը, որ նոր իշխանությունը կատարել է ժողովրդին խոստացածը: «Օրինակ, հայտարարվում է, որ մենաշնորհները վերացել են, բայց մենաշնորհ ստեղծած դեմքերն այսօր էլ կան, ուստի խիստ կասկածում եմ: Փոխարենը, քաղաքական մենաշնորհն է գնալով ամրապնդվում: Հիմա մենաշնորհային վիճակ է: Եթե այսպես շարունակվեց, ԱԺ-ն կլինի նույն ուժի արտացոլումը: «Դակիչի» վիճակը կպահպանվի նոր ԱԺ-ում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Ռուստամյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ է հակակոռուպցիոն գործողությունները համակարգում վարչապետի պաշտոնակատարը. «Դրանց հանդեպ պետք է լինի անկախ վերահսկողություն, ոչ թե վարչապետը ղեկավարի դրանք: Նախկին կոռուպցիոներներին բռնելը շատ հեշտ է, բայց երբ կգա իրավիճակ, երբ մեր երկրում կոռուպցիոների ձեռքն արագ կբռնեն, նա էլ պատասխանատվության կենթարկվի, այդ ժամանակ միայն կասենք, որ երկրում հակակոռուպցիոն պայքար կա: Այդ մեխանիզմը պետք է տեսնենք, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ չի կարող հասնել, նա երկիրը պետք է կառավարի համակարգված՝ այդպիսի մեխանիզմների միջոցով»:
Ռուստամյանը հավելեց՝ «Մերժիր Սերժին» կարգախոսը կյանքի է կոչվել, բայց չկա երկրի ապագայի հայեցակարգ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ