«Խորհրդարանական այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ չեն լինելու ընտրակեղծիքներ, այս առումով վերադառնում ենք 1990թ., երբ փաստացի առանց ֆինանսական ռեսուրսների մարդիկ դնում էին իրենց թեկնածությունը և հնարավորություն ունեին անցնելու: Տարիների ընթացքում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ գումար չունեցողը կամ տվյալ քաղաքական էլիտայում չգտնվողը փաստացի հնարավորություն չուներ, իսկ հիմա չկան նման էլիտաներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Մյուս կողմից, որ «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է շատ մեծ առավելությամբ, գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այստեղ հետաքրքիրը այն է, թե ով է լինելու երկրորդը, որովհետև վերջին տարիներին երկրորդի հարցն էլ էր միշտ լուծված: Դեռ սոցիոլոգիական հարցումներ չեն տրվել, կարծում եմ չեն էլ լինի:
Ըստ իս, մի քանի ուժեր հնարավորություն ունեն, քանի որ օրենքի ուժով առնվազն երեք ուժ պետք է լինի Ազգային ժողովում: Չորս-հինգ կուսակցություն կարող է ընդգրկվել, որոնցից ԲՀԿ-Ն, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Լուսավոր Հայաստան»-ը և «Սասնա ծռեր»-ը, կախված նրանից, թե վերջինին համակրող հասարակության, որ ռադիկալացված հատվածն է մնացել: Ենթադրում եմ՝ այդ հատվածը այդքան էլ մեծ չէ, սակայն ասել որևիցե բան, չեմ կարող, ընտրությունները, քարոզարշավը և ժողովրդի ընտրությունը ցույց կտան»,- ներկայացնում է բանախոսը:
Քաղտեխնոլոգի խոսքով, հետաքրքիր վարկանիշային պայքար է լինելու: Ասում են վերջինս նման է մեծամասնականին, բայց մեծամասնականում յուրաքանչյուրը իր համար է պայքարում, այստեղ պայքարում են տարբեր կուսակցությունների անդամներ միմյանց դեմ: Առաջնայինը թերթիկ վերցնելն է, թե ում թերթիկը կվերցնի ընտրողը, բայց վերցնելուց հետո, երբ կողմնորոշված է, թե ում է ձայն տալու, այստեղ միմյանց դեմ ներքին պայքար է գնում, ինչը հյուրի կարծիքով ամենասխալ բանն է այս ընտրություններում, այնուամենայնիվ ինչ կա՝ կա, և հետաքրքիր անակնկալներ կարող են սպասվել:
Կարեն Քոչարյանը նշում է. «Հանրապետականը ընտրել է այն մեթոդը, որով իրենց դեմ պայքարել են տարբեր քաղաքական ուժեր: Բայց այնտեղ հիմար մարդ չկա, բոլորը խելացի են և վերլուծելով՝ հասկանում են, որ հասարակության մի մասը իրենց ձայն չի տա, ու կա մի հատված, որ «Իմ քայլ»-ին կամ Նիկոլ Փաշինյանին չի սիրում, այստեղ խնդիր է դառնում այդ հատվածից «քերել» ձայները: Նրանց մարտավարությունն է՝ քննադատեն այն սխալները, որոնք կանի ներկա կառավարությունը: Դա ժանրի կանոններն են, նրանք խաղում են ռիսկային, բայց շահեկան՝ խորհրդարան անցնելու համար: Նրանք ունեն սոցիալական բազա, նրանք խնդիր ունեն ակումուլացնելու այն ու բերելու այդ ձայները»:
Ասում են՝ քաղաքապետի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր, հիմա էլ նույն է լինելու, թե՞ կուսակցության գաղափարի, ծրագրերի ընտրություն է ի վերջո լինելու հարցին՝ նա պատասխանեց, որ առաջնային գործոնը լինելու է Նիկոլ Փաշինյանինը, անգամ չի քննարկվում: «Պատահական չէր, որ փորձարկեցին «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, իրենք էլ գիտեն հասարակության վերաբերմունքը:
Հետհեղափոխական նախընտրական շրջանում խոսել գաղափարներից, միևնույն է՝ ոչ մեկ չի լսելու, բոլորն էլ կոնկրետ բաներ են ցանկանում, դա պոպուլիզմ է: Հիմնականում լինելու է նախկին իշխանությունների քննադատում, ինչպես անելու են երկրորդ տեղի համար պայքարողները: Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ այս անգամ սև-սպիտակի չեն բաժանելու, քանի որ կարիք չկա, հասարակությունը գիտի ով՝ ով է, դրա համար խոսելու են ապագայի ծրագրերից, ՀՀԿ-ն քննադատելու է, այսինքն «քլնգելու» է ՔՊ-ին, մնացածը՝ ՀՀԿ-ին ու միմյանց, սա է լինելու ընտրությունների ամբողջ տրամաբանությունը, խոսել գաղափարական արժեքների մասին այս հասարակության համար, որը այլ բաներ է ուզում լսել, մեր պրագմատիկ քաղաքական դաշտը չի գնա դրան»:
Բանախոսը հավելում է. «Վերլուծաբանների, լրագրողների, տեխնոլոգների միջոցով անհրաժեշտ է նախ հասարակությանը բացատրել ինչ է քաղաքական դաշտը, իշխանությունը, ընդդիմությունը: Խորհրդարանական ընդդիմությունը իշխանության դուշմանները չեն, դա ևս իշխանություն է, որովհետև օրենսդիր մարմնում գտնվող բոլոր ուժերը օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ են, պարզապես այս կամ այն հարցերում ունեն այլ մոտեցումներ, լուծման ձևեր: Քաղաքական դաշտը նախ պետք է ձևավորի, թե հասարակությունը, պետությունը Ա կետից որ Բ կետն է ուզում գնալ, ինչ գործիքակազմով է ուզում գնալ: Ընտրություններից անմիջապես հետո պետք է ձևավորեն նման կարծիք, պետք է կրթենք հասարակությանը, սա է առաջնահերթ խնդիրը»:
Կա նկատառում, որ ձմռանը կազմակերպել ընտրությունները նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, հնարավո՞ր է ընտրությունների հետաձգում:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ ստիպված են եղել նշանակել հիմա, քանի որ հետաձգելու դեպքում վարկանիշը կիջներ և «Իմ քայլը» այդքան բարձր տոկոսայնությամբ չէր անցնի խորհրդարան: Քանի որ որոշ տեղերում եղել են ձախողումներ, չնչին անկում է առայժմ, բայց բոլորը հասկանում են, քաղաքական դաշտում հիմնական կենցաղային խնդիրները գալիս են ձմռանը, դա էլ մեծ ազդեցություն ուներ, որ ընտրությունները անցկացվում են մինչև ձմեռ, քանի որ հոսանք, գազ, ցուրտ, ամանորյա գնաճ կուտակվելու են մարտին, դա դուրս է գալու ջրի երես, պարզապես այդ ժամանակ ընտրություն չի լինելու:
Նա նաև անդրադարձավ, որ քաղաքական դաշտում կարող են լինել շատերը, անկախ մասնագիտությունից, ըստ քաղտեխնոլոգի օրինակի, Արմեն Աշոտյանը, որին համարում է վերջին տարիների հայաստանյան-քաղաքական մտքի լավագույն ներկայացուցիչներից մեկը, սակայն բժիշկ է, ու ի՞նչ, չմտնե՞ր քաղաքականություն: «Համաձայն եմ, որ պետք է ունենան որոշակի փորձ, նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շատ մարդ չդիմացավ աստղայինին, փառքին, հիմա կգան նոր մարդիկ, այդպես է եղել բոլոր ժամանակներում, այլ կերպ հնարավոր չէ:
Ընտրություններից հետո այնուամենայնիվ արտաքին քաղաքական հատվածում կսկսի ակտիվացում և կադրային փոփոխություն, որը կբերի տնտեսական ակտիվացման, չբերելու պարագայում նոր իշխանությանը կսպառնան լուրջ վտանգներ».- նշեց Կարեն Քոչարյանը:
Քրիստինե ՆԱՆՅԱՆ