Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության մասին խոսում են իրենք՝ հեռուստատեսության աշխատակիցները

Նոյեմբեր 21,2018 18:01

1998 թվականից սկսած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր: Oնլայն լրատվամիջոցների մուտք գործելուն զուգահեռ հեռուստատեսությունը կարծես թե ինչ-որ չափով զիջեց իր դիրքերը: Սեւ ու փոքր արկղը, որի միջոցով հեռուստադիտողը կարող է տեղափոխվել աշխարհի ցանկացած վայր, հեռուստատեսության աշխատակիցների համար եւս մի աշխարհ է՝ իրականությանը շատ մոտ ու միեւնույն ժամանակ իրականությունից կտրված:

Մասնագիտական տոնի շրջանակներում Aravot.am-ը զրուցել է Վանաձորում գործող հեռուստաընկերությունների աշխատակիցների հետ:

Նարինե Մաթեւոսյան

Միգ ՀՌԸ գլխավոր խմբագիր Նարինե Մաթեւոսյանը ոլորտում է արդեն 15 տարի է: Հեռուստաընկերության մի մասնիկը կազմող Նարինեն այնտեղ է հայտնվել է պատահաբար, իսկ պատահականությունը նրան տեղափոխել է մի նոր աշխարհ: Հայկական ավանդական ընտանիքի աղջիկը, որին ծնողները թույլ չեն տվել մայրաքաղաքում ստանալ լրագրողի մասնագիտությունը, ստիպված սովորել է Վանաձորում՝ ստացել մանկավարժի որակավորում: Սակայն, ինչպես ասում են, երազանքները կատարվելու սովորություն ունեն. «Դպրոցում ուսուցիչ էի աշխատում, բայց լրագրությունն ամեն դեպքում ձգում էր: Եվ երբ ամառային արձակուրդների ժամանակ լսեցի Միգ ՀՌԸ-ի հայտարարությունը, որ լրագրողի թափուր տեղ ունեն, որոշեցի ուղղակի ամառն անցկացնել այդ աշխատանքով: Բայց ստացվեց այնպես, որ ամառը դարձավ՝ աշուն, հետո ձմեռ, եւ ձգվեց մինչեւ այսօր»:

Խոսելով լրագրողի եւ խմբագրի աշխատանքի նմանությունների ու տարբերությունների մասին, Նարինեն ասում է, որ խմբագրի աշխատանքն ավելի պատասխանատու աշխատանք է: Սակայն, վստահեցնում է՝ լրագրողին անհրաժեշտ է լավ խմբագիր, իսկ խմբագրին՝ լավ լրագրող. «Լրագրողն ունենալով լավ խմբագիր միշտ համոզված է, որ ունի որոշակի պաշտպանվածություն: Այսինքն, եթե մի տեղ վրիպել է, լավ խմբագիրը կկարողանա այդ վրիպումները ուղղել: Խմբագիրը պատասխանատվություն է կրում՝ ոչ միայն իր, այլ նաեւ լրագրողական խմբի ու ողջ լրատվամիջոցի լրատվության համար: Դա ավելի լուրջ ու պատասխանատու աշխատանք է: Խմբագրի աշխատանքը շատ ավելի դժվար է, որովհետեւ խմբագրելու պարտականություն ունենալով, միաժամանակ ստիպված ես նաեւ ձեռք չտալ լրագրողի ձեռագրին: Ունենալով տվյալ հեռուստաընկերության դիմագիծը, միեւնույնն է դու պարտավոր ես առողջ դատել եւ թույլ տալ, որ յուրաքանչյուր լրագրող ունենա իր դիմագիծը, իր ձեռագիրն ու իր գրիչը: Իսկ դա շատ բարդ ու դժվար գործ է, հատկապես մեր իրականության մեջ»:

Նարինեն հիշում է, որ վանաձորյան լրատվամիջոցները միշտ են ակտիվ եղել, մրցակցությունը լրագրողական դաշտում եղել է շատ լուրջ: 15 տարի առաջ ուժեղ է եղել նաեւ գրաքննությունը, սակայն համագործակցության արդյունքում հասել են իրենց ցանկալի արդյունքին. «Վանաձորում մենք կարողացանք հասնել այն բանին, որ մեր առջեւ չկային փակ դռներ, ոչ մի պաշտոնյա չէր կարող հրաժարվել հարցազրույցից: Նախկինում մենք միանգամից կարողանում էինք կապվել տվյալ պաշտոնյայի հետ եւ անմիջապես հանդիպումը ստացվում էր՝ սկսած դատախազից, մինչեւ մարզպետ եւ ցանկացած վարչության պետ: Բայց հիմա որոշակի արգելքներ են դրվում մեր առջեւ, պետք է անցնենք քայլեր, պատնեշներ, դռներ՝ որեւէ պաշտոնյայի հետ հարցազրույց վարելու համար: Այսինքն, լրատվական ծառայություններն այսօր աշխատում են ոչ թե հանդիպումներն ավելի սահուն կազմակերպելու, այլ որոշակի գրաքննություն է իրականացվում: Բացահայտ չի խոսվում այդ մասին, բայց սա տանում է դրան»,- ասում է Նարինեն եւ հավելում, որ լրատվամիջոցներին պետք է տալ ազատ մրցակցային պայմաններ. «Այսօր հեռուստաընկերությունների համար շատ ծանր իրավիճակ է ստեղծվել մարզային ՀԸ-ի հայտ գալուց հետո: Հավասար պայմաններ չկան մարզային եւ անալոգ հեռարձակվող հեռուստաընկերությունների միջեւ, որն էլ պատճառ է դառնում, որ մրցակցությունը թուլանա»:

Խնդիրների մասին խոսում են, միաժամանակ չմոռանալով նաեւ հեռուստաընկերությունում անցկացրած գեղեցիկ ու հետաքրքիր հուշերի մասին. «Առաջին անգամ ուղիղ կապով պետք է միանայինք «Շանթ» ՀԸ-ի հետ: 10 վայրկյանից պետք է լինեինք ուղիղ եթերում, եւ հանկարծ տեսա, որ հաղորդավարի ձեռքին դեղին գույնի ամենաէժան գրիչն է, ես չգիտեմ ինչու, որոշեցի, որ պետք է փոխեմ գրիչը, եւ մեջքով հաղորդավարի հետ միասին հայտնվեցի ուղիղ եթերում: Այդ պահին շատ ծանր էր, բայց հետո այս դեպքն էլ դասվեց ծիծաղելի հիշողությունների շարքին: Իսկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կոլեգաներիս, մաղթում եմ ազատ անկաշկանդ եւ գրաքննությունից դուրս լուրեր»:

 

Արեն Ավագյան

Բոլորին նկարում, իրադարձությունը հեռուստադիտողին փոխանցում, սակայն մշտապես կադրից դուրս են մնում իրենք՝օպերատորները: Կիրառական մաթեմատիկա եւ ֆիզիկա բաժինն ավարտած, «Ֆորտունա» ՀԸ-ի օպերատոր Արեն Ավագյանը նույնպես հեռուստաընկերությունում հայտնվել է պատահաբար: Օպերատորի մասնագիտության մասին գիտելիքներ չունեցող երիտասարդը, դեռ 3 եւ ավելի տարի առաջ չէր էլ պատկերացնում, որ մի օր իր կյանքի ու առօրյայի մի մասնիկը կազմելու է հենց հեռուստատեսությունը: Մասնագիտական գիտելիքներն ու ոլորտում առաջին քայլերը սկսել է արդեն հարազատ դարձած հեռուստաընկերությունից: Ասում է՝ սիրով է իր աշխատանքը կատարում, սակայն ավելի հմտանալու ու մասնագիտանալու համար դասընթացների կարիք է զգում. «Առհասարակ հեռուստատեսությունը մի ուրիշ աշխարհ է։ Վստահ եմ՝ դա կփաստեն ոլորտի բոլոր մասնագետները։ Աշխատելով հեռուստատեսության ոլորտում՝ բացահայտում ես կյանքի գրեթե բոլոր բնագավառները, շփվում տարբեր մարդկանց հետ, ինչու չէ՝ բացահայտում նաեւ նրանց։ Եվ իհարկե, հեռուստատեսության միջոցով է, որ հանրությանն ես ներկայացնում բացահայտածդ, զգացածդ՝ փորձելով հնարավորինս անմասն չթողնել նրանց կատարվող իրադարձություններից: Ինչպես բոլորը, այնպես էլ օպերատորները իրենց աշխատանքի մեջ հանդիպում են մի շարք խնդիրների։ Սակայն, եթե սիրում ես աշխատանքդ, մոտենում ես պատասխանատվությամբ, աշխատում ես ուշադրություն չդարձնել խնդիրներին։ Միայն կառանձնացնեմ, որ միշտ կադրից դուրս ենք մնում (ժպտում է զրուցակիցս), ինչպես նաեւ նկատելիորեն քիչ են օպերատորների համար կազմակերպվող փորձի փոխանակման եւ առհասարակ բոլոր տեսակի սեմինարները»։

Լրատվության բաժնում աշխատող օպերատորի համար առաջնայինը մարզում կատարվող իրադարձությունները հեռուստադիտողին հասցնելն է. «Լինելով մարզում կատարվող իրադարձություններով հետաքրքրված, եւ այսպես ասած, մարզի կյանքով ապրող մարդ, շատ եմ կարեւորում լրատվությունը եւ դրա ճիշտ լուսաբանումը։ Սակայն, լրատվությունն ունի իր կանոնները եւ ստեղծագործական առումով կան սահմանափակումներ։ Ճիշտ է, այն ինձ շատ հոգեհարազատ է, բայց գալիս է մի պահ, որ ուզում ես շեղվել բոլոր ստանդարտներից եւ աշխատանքդ ներկայացնես առավել ստեղծագործական մոտեցմամբ։ Իսկ այդ ժամանակ բացը լրացնում են ժամանցային նկարահանումները»։

Լրագրողների պես, օպերատորների կյանքում էլ հետաքրքիր պատմությունները քիչ չեն լինում: Մեզ հետ զրույցում Արենն էլ կիսվեց իր հետ պատահած առավել տպավորիչ պատմությամբ. «Մոտ մեկ տարի առաջ ինձ հնարավորություն ընձեռվեց մեկնել Արեւմտյան Հայաստան եւ բացահայտել մեր կորսված հայրենիքը։ Երբ շրջում էինք Կարսի փողոցներով, մի ծերունի, խոսքից հասկանալով, որ հայեր ենք, մոտեցավ մեզ, ծոցագրպանից հանեց մի փոքր մեդալիոն, որի մեջ պահում էր խաչ։ Ծերունին ծպտված հայերից էր։ Նա ասաց, որ իր հայ լինելը, տեղի բոլոր հայերի նման գաղտնի է պահում, սակայն փողոցով անցնող բոլոր հայերին կանգնեցնում է, զրուցում եւ փորձում գոնե այդ ձեւով կարոտն առնել… Տոնի առթիվ շնորհավորում եմ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցներին, մաղթում անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ՝ պատասխանատու գործունեության մեջ»։

Ելենա Սաքանյան

Գործընկերոջ հետ նույն կարծիքին է նաեւ «Լոռի» հեռուստաընկերության աշխատակից Ելենա Սաքանյանը: Օպերատոր-մոնտաժող Ելենան էլ գտնում է, որ սիրով աշխատելու դեպքում, աշխատանքի արդյունքը տեսանելի է: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Ելենան աշխատանքի է անցել հեռուստաընկերությունում, որտեղ էլ մասնագիտացել է աշխատանքի մեջ. «Ես իմ աշխատանքից բավականություն եմ ստանում, անգամ, եթե շատ հոգնած եմ լինում, նկարահանելու ժամանակ մոռանում եմ ամեն ինչի մասին։ Օպերատորի մասնագիտությունը իմ տարերքն է, առանց որի իմ կյանքը չեմ պատկերացնում»:

Ասում է՝ խնդիրներ, որպես այդպիսին չկան, միակ խնդիրն այն է, որ մարդկանց մոտ կարծրատիպային է, օպերատորը պետք է լինի՝ արական սեռի ներկայացուցիչ. «Մարդիկ դժվար են վստահում աղջիկ օպերատորի։ Մտածում են, եթե աղջիկ է՝ ուրեմն չի կարող բարձրանալ տանիք, իրենց խնդիրը չի կարող լավ նկարահանել եւ ներկայացնել։ Մի անգամ Ստեփանավանում նկարում էինք շատ վատ ճանապարհ ունեցող թաղամաս։ Դժգոհող կանանցից մեկն ասաց. «Աղջիկ ջան, արի այս ճանապարհը նկարի»: Կողքից մի ուրիշ կին էլ թե. «Ի՞նչ ես խոսում, երեխեն ոտքը կկոտրի», տիկիններից մեկն էլ շարունակեց. «Բա թող գա ոտքը կոտրի, որ իմանա»:

Օպերատորի աշխատանքին զուգահեռ՝ Ելենան նաեւ մոնտաժային աշխատանքներ է կատարում: Թեեւ օպերատորության 10 տարվա աշխատանքին զուգահեռ 4 տարի էլ մոնտաժով է զբաղվում, սակայն իրենք մոնտաժող այդքան էլ չի համարում. «Մոնտաժի աշխատանքը սիրում եմ, բայց եթե շատ ժամանակ եմ ունենում եւ իմ ուզած ժամանակ ում կարող եմ ավարտել, իսկ եթե ժամանակը կարճ է լինում շատ դժվար եմ կարողանում ավարտին հասցնել աշխատանքը։ Իմ համար օպերատորությունից հետո մոնտաժը ձանձրալի աշխատանք է։ Չնայած իմ նկարածները պարտադիր ես եմ մոնտաժում։ Օպերատորն էլ, մոնտաժնիկն էլ որակով աշխատանք կատարելու համար պետք է ունենան լավ տեխնիկա… Շնորհավորում եմ իմ հարազատ «Լոռի» հեռուստաընկերությանը, ցանկանում՝ անխափան եթերներ եւ բազմաբնույթ հաղորդաշարեր»:

Անահիտ Կարապետյան

«Ֆորտունա» ՀԸ-ի լրագրող Անահիտ Կարապետյանի մոտ էլ հեռուստատեսության հանդեպ սերը դեռ մանկուց է եղել: 9-10 տարեկան աղջնակը, տնեցիների համար հաճախ էր կազմակերպում ելույթներ: Հարազատների կողմից դրական ընդունելության արժանանալուց հետո հաղորդում-ելույթը տեղափոխվում էր բակ, հետագայում արդեն ռադիոընկերություն, ապա նաեւ հեռուստաընկերություն. «Հետաքրքրությունս լրատվության ու եթերի հանդեպ դեռ մանկության տարիներից է դրվել: Լրատվությունը բացահայտում է աշխատանք, որը էկրանից այն կողմ գտնվող մարդկանց համար երազանք է, էկրանից այս կողմ գտնվողների համար՝ երազանքներն ու ակնկալիքները իրականություն դարձնելու պատասխանատվություն: Ընտրեցի լրագրողի աշխատանքը, որովհետեւ սիրում եմ բացահայտել՝ մարդկանց ու աշխարհը: Եթերն իմ շնչառությունն է, ապրելակերպը: Մարզային հեռուստաընկերությունն ինձ տվեց այդ շնչառությունն ավելի խորապես զգալու հնարավորություն»:

Անահիտը վստահ է՝ լրագրողի մասնագիտությունն այն մասնագիտություններից է, որի շնորհիվ կարող ես ինչ-որ կերպ օգտակար լինել մարդկանց. «Լրագրողի աշխատանքը տալիս է ամեն բնագավառից տեղեկանալու, իրազեկվելու եւ ասել է թե ամեն մասնագետից մի քիչ-մի քիչ լինելու հնարավորություն: Հաճելի է, երբ կարող ես օգտագործել այդ հնարավորությունը եւ աշխատել հասարակությանը օգտակար լինելու համար: Մեր գործում կա նաեւ սպիտակի վրա սեւով գրված մի կետ՝ հարթել խնդիրները: Հիմնական խնդիրը մարդկանց որոշ կարծրատիպային կապանքները քանդելու մեջ եմ տեսնում: Լրագրողի աշխատանքը թերագնահատողներն էլ քիչ չեն, սա խնդիր չեմ համարում, բայց գործոն, որն ավելի ջանք է պահանջում»:

Լրագրողն ասում է՝ առաջ գնալու ու մասնագիտության մեջ զարգանալու հնարավորություն միշտ կա, միայն թե ցանկություն է պետք. «Երբեւէ չեմ փոշմանել, որ այս մասնագիտությունն եմ ընտրել: Ամեն օր ավելի եմ սիրում իմ աշխատանքը, այն միջավայրը, որում բախտ եւ հնարավորություն ունեմ լինելու: Լրատվությունը չի սիրում ձեւականություն, եթերը չի ընդունում արհեստականը, եւ, եթե անկեղծ ես ընտրությանդ մեջ՝ ուրեմն փոշմանելու խնդիր չկա: Ես ամեն օր խոստովանում եմ, որ սիրում եմ աշխատանքս, իսկ այն ինձ ավելի մեծ ուժ եւ էներգիա է փոխանցում: Հեռուստատեսության աշխատանքը օղակաձեւ է: Կարեւոր ու անկարեւոր անելիք չկա: Լրագրողը չի կարող ցանկալի արդյունքն ունենալ, եթե օպերատորը սպասված կադրերը չի ապահովել, եթե եթերում բարձր որակն ու հնարավորությունները չկան: Հետեւաբար, բոլոր օղակների աշխատանքն է կարեւոր: Ցանկանում եմ, որ մեր ոլորտում աշխատող յուրաքանչյուր ոք գիտակցի, թե որքան կարեւոր աշխատանք է ինքը կատարում: Ուզում եմ շնորհավորել բոլոր կոլեգաներիս, իմ «Ֆորտունա» ընտանիքին ու բոլոր նրանց, ովքեր առնչվել ու առնչվում են հեռուստատեսության հետ: Իհարկե, շնորհավորում եմ նաեւ հեռուստադիտողներին, որովհետեւ նրանց գնահատականն է մեր աշխատանքի արդյունքը»:

Պատրաստեց Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930