«Ազգդ կործանում ես, պրն Փաշինյան. ներքին քաղաքականություն 0, արտաքին քաղաքականություն մինուս, Ղարաբաղի հարցը սարսափ, օդից կախված»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա անդրադառնալով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե կառավարությունը 100 տոկոսով կատարել է հեղափոխությունից մինչ այսօր տված բոլոր խոստումները, ասաց. «Եթե մեկը ձեզ ասաց 100%, իմացեք՝ ձեզ խաբելու է»:
Գուրգեն Եղիազարյանը դիմեց Փաշինյանին. «100% դու ոչ մի բան չես կատարել»:
Եղիազարյանը հիշեց Իսլանդիայի օրինակը, որտեղ, ըստ բանախոսի, տեղի է ունեցել իսկական թավշյա հեղափոխություն: «Իսլանդացիները հեղափոխությունից անմիջապես հետո սեփականաշնորհեցին ողջ Իսլանդիայի ընդերքը,- այնուհետև առաջարկեց սեփականացնել ողջ բանկային համակարգը»: Այդուհանդերձ Եղիազարյանը վստահ է. «Այս իշխանությունները չեն կարող դա անել, որովհետև այնքան մեծ են ճնշումները, պայմանավորվածությունները, և ձեռքմեկնման սպասելիքները…»:
Խոսելով վերջին յոթ ամիսներին ՀՀ-ում ծավալված կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նա դիմեց Փաշինյանին. «Երկու տասնյակ մարդ քո հրամանով բռնել եք, բաց եք թողել, փախցրել եք, բա էս տասը տարի տոտալ թալանի ենթարկված երկրում դուք խոսում եք մի հարյուր միլիոնի մասին, որ հլը դատարաններով չի էլ անցել, ոսկոր ու արյուն չունի»: Եղիազարյանը կրկին դիմեց վարչապետի պաշտոնակատարին. «Էն, որ ասում ես՝ սվաղեմ ասֆալտին, դրա համար էլ տասնմեկ անգամ կրճատել ես ներդրումները. անզուսպ նախադասություններով թշնամի ես սարքել ՀԱՊԿ-ի երկու երկրներին»:
Հիշեց նաև Ալեքսանդր Սարգսյանի 50% – ները. «Տո մի հատ 50-50 ցույց տվեք»:
Եղիազարյանը հորդորեց Փաշինյանին. «Մարդկանց փրկե՛ք էս վիճակից, բանկերին հավաքե՛ք, ասե՛ք՝ էս ինչ եք անում, նայե՛ք, եթե մայր գումարը տվել են, ձեռ քաշեք էդ մարդկանցից: Դա կլինի քայլ դեպի ժողովուրդը, պարո՛ն հեղափոխական»:
Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ