Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ գնում Ազգային ժողով կոճակ սեղմելու»․ Նազելի Բաղդասարյան

Նոյեմբեր 21,2018 17:26

«Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից մեկը «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող, «Իրականում» հաղորդաշարի հեղինակ և վարող Նազելի Բաղդասարյանն է, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա ավարտել է Մոսկվայի «Միջազգային Ձեռներեցության ակադեմիան»՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ։

Aravot.am-ը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել լրագրությունից անցնել դեպի քաղաքականություն, զբաղվել օրենսդիր աշխատանքով։

-Ուսանողական տարիներին մի կարժ ժամանակահատված աշխատել եմ Ազգային ժողովում, պատգամավորի օգնական եմ եղել և հստակ պատկերացնում եմ այն աշխատանքը և այն ուրվագծումը, որը կա օրենսդիր մարմնում։ Հետո մասնագիտության բերումով դասավանդել եմ ինստիտուտում, աշխատել եմ բուն մասնագիտական գործունեությամբ, իրավաբանի մոտ 13 տարի աշխատափորձ ունեմ, զուգահեռ նաև այս տարիներին՝ սեփական հաղորդաշար։ Այսինքն՝ օրենք, իրավունք և լրագրություն կամ հաղորդավարությունը փոխկապակցված են եղել։ Ինչո՞ւ, որովհետև հստակ պատկերացնում եմ ուրվագծված խնդիրները։ Խնդիրների կիզակետում այն է , որ այսօր օրենքները հավասար չեն բոլորի համար, իսկ օրենքի առաջ բոլորս պետք է լինենք հավասար։ Այսինքն` այն ամենը, ինչ բխում է ժողովրդի շահերից, դա պետք է ամրագրված լինի օրենքում և ոչ այն, որ օրենքը պիտի ծառայի որոշների բիզնեսների սպասարկմանը, որոշների համար տանիք հանդիսանա։ Կարծում եմ՝ ես իմ ձեռագրով և սկզբունքայնությամբ կկարողանամ այդ ամենն իրականացնել։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ քաղաքականություն մտնելու մտադրություն ունեցել եք դեռ նախորդ ընտրություններին, սակայն եղել են խանգարող հանգամանքներ, որոնց ձեզ հետ են պահել։

-Քաղաքական դաշտում ընդհանրապես կին գործիչների պակաս կա, հատկապես Երևանից հեռու, մարզերում։ Քաղաքականապես ակտիվ կանայք չէի ասի բացակայում են, բայց կարծես մնացել են ստվերում։ Դա հայաստանյան իրողությունն է և կարծես մեր մենթալիտետն է ասում այս ամենը։ Երևի սա էր պատճառը, որ նախորդ ընտրություններին մի քանի կուսակցությունների կողմից առաջարկ ստացել եմ ընդգրկվելու վարկանիշային ցուցակներում, բայց հրապարակային ելույթ ունեցել եմ և հայտարարել, որ իմ գաղափարները չեն համընկնում կուսակցությունների տեսլականների կամ նախորդ, անցած ծրագրերի հետ։ Գաղափարներից զատ յուրաքանչյուր կուսակցություն ունի նաև իր անհատները, գործիչները, որովհետև եթե թղթի վրա նայենք, շատ կուսակցությունների գաղափարախոսությունը հիանալի է, բայց երբ նայում ես այդ կուսակցության մեջ ներգրավված մարդկանց, որոնք ակտիվ գործում են, որոնք մեր մարզից են, ոչ մի աղերս չունեն նշված գաղափարախոսության հետ։ Դա էր պատճառը, որ ոչ մի կուսակցության առաջարկ չեմ ընդունել։ Դա էր պատճառը, որ ինձ համար պայքարի կամ ըմբոստության այլ ուղիներ եմ գտել։

Այս հեղափոխությունը շատ լավ հարթակ էր, ես հասկացա, որ այս դեպքում քաղհասարակությունը, այն մարդիկ, որոնք անկախ են, կաշկանդված չեն իրենց մտքերն արտահայտելու, տեղ ունեն այսօրվա իրականության մեջ։ Սա է պատճառ հանդիսացել, որ համաձայնել եմ «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել։ Ճիշտ է՝ ես շարունակում եմ մնալ անկուսակցական, որովհետև լրագրողի համար շատ դժվար է մի օր արթնանալ և ասել, որ ինքն այլևս որևէ կուսակցության գաղափարներն է կրում, չեմ ժխտում, կարող է գալ այն ժամանակը, երբ հասունանա և ենթագաղափարների կրողը դառնամ, նույնպես դառնամ կուսակցական, բայց այս պահին գոնե այդպես չէ։ Բայց քանի որ այն մեթոդներն, այն գործիքակազմը և այն ձեռագիրը, որն ունի օրվա իշխանությունը, իմ գաղափարների հետ համահունչ է, ես պատրաստ եմ հենց այս քաղաքական ուժով շարժվել առաջ։

-Ընտրական օրենսգիրքը չհաջողվեց փոխել, մտավախություն կա, որ վարկանիշային ցուցակով առաջադրվածները կշարունակեն հին ձեռագրով, միգուցե հենց թաղայինների ներքաշելով, ցուցակագրելու միջոցով ձայներ հավաքելով։ Ինչպե՞ս կպայքարեք նման մեթոդների դիմող թեկնածուների դեմ։

– Ընտրական նոր օրենսգիրք չունենալը հասարակության համար լուրջ խնդիր է, բայց ինչպես քաղաքական ուժն ասել է՝ անգամ այս տարբերակով մենք պատրաստ ենք ընտրապայքարի մեջ մտնել, որովհետև վստահում ենք ժողովրդին, ժողովրդի քվեն արդար է։ Վարկանիշային տարբերակը, իհարկե, ունի մեծ ռիսկի գործոն, որովհետև գիտենք՝ ինչ մեխանիզմներ են գործել և այլ քաղաքական դաշտերում ներգրավված մարդիկ ինչ ձեռագրով են անցել։ Մենք մի տարածաշրջանից ենք, մի քաղաքացի ենք, հստակ անուններ գիտենք, հստակ գումարների բաշխման մեխանիզմների, լծակների ու ճնշումների մասին գիտենք։ Ինչպես եմ պայքարելու, եթե ասեմ, որ լռելու եմ այս մասին, իհարկե՝ ոչ, որովհետև ինքս լրագրող լինելով՝ այդ ամենը բարձրաձայնել եմ, այժմ եթե թեկնածու եմ՝ ինչու պիտի լռեմ։ Անուններով, ձեռագրերով, գումարների չափերով հստակ եղել են նախորդ ընտրություններին և հիմա դրա մասին լռել, կնշանակի ոչինչ չանել։ Կարող եմ ասել, որ այդ սկզբունքայնությունը դրված է այն քաղաքական ուժի հիմքում, որի ցուցակով առաջադրված եմ։ Դա հստակ արձանագրվել է նախընտրական շտաբի պետի՝ Սուրեն Պապիկյանի կողմից, և որևէ թեկնածու, որն անգամ այս դաշինքից է, ապահովագրված չէ, ցանկացած նման խախտում, և նա կլքի դաշինքի ցուցակը։

-Ո՞վ կլինի ձեր ընտրազանգվածը։

-Ովքեր կլինեն այն մարդիկ, որոնք ինձ կընտրեն կամ ով կլինի իմ, այսպես ասած, ընտրազանգվածը, ասեմ՝ թիրախում պահելու եմ այն մարդկանց, որոնք վերջին 2-3 համապետական ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցել, որովհետև հավատացած են եղել, որ իրենց ձայնն արժեք չունի, իրենց քվեն արժեք չունի։ Կարծում եմ այսօր ես հենց նպատակ ունեմ այդ մարդկանց ակտիվորեն մղելու քաղաքական դաշտ, որովհետև ես իրենցից մեկն եմ, ես ինչ-որ մեկը չեմ, որը գնում է Ազգային ժողով իր սեփական հարցերը կամ բիզնեսի համար տանիք գտնելու համար։ Ես ընդամենը այն մարդկանցից մեկն եմ, որոնք տարիներ շարունակ հիասթափված են եղել, ինձ համար, իհարկե, շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու, որ շատ մարդկանց անունից եմ հանդես գալու։

-Ինչպե՞ս կպատկերացնեք Շիրակի մարզի խնդիրների լուծումը, գնում եք մի տեղանքից, որտեղ գործազրկության բարձր ցուցանիշ կա, ամենաաղքատն է․ առաջին հորիզոնականը չի զիջում։

-Մարզում խնդիրները փոխկապակցված են, աղքատությունը բխում է գործազրկությունից, գործազրկության պատճառով լինում է արտագաղթ։ Երեք հիմնական խնդիր ունենք, նշանակում է մարզում պետք է ֆինանսական ներդրումներն ակտիվացնել։ Եվ դրա համար պետք են օրենսդրական երաշխիքներ, դրա համար պետք են հարկային արտոնություններ և բյուջեի արդար ու համաչափ բաշխում։ Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ նախկին իշխանությունները խոսել են տնտեսական աճի մասին, հիշում եք մինչև 7 տոկոս տնտեսական աճ Կարեն Կարապետյանի կառավարությունն էր նշում, բայց այդ տնտեսական աճից օգտվում էին սահմանափակ թվով մարդիկ, այդ ամենը ծառայեցվում էր մի քանի ընտրյալի համար։ Այնինչ մենք խնդիր ունենք տնտեսական աճի կամ արդյունքի արդար բաշխման, որ համաչափ բաշխվի բոլորի միջև, այսինքն` այդ աճը տնտեսական յուրաքանչյուր քաղաքացի զգա իր մաշկի վրա։ Մենք այսօր համահարթեցման սկզբունքով առաջ ենք գնում, բայց դրա մեխանիզմները շարունակում են կաղել, որովհետև Երևանը գերզարգացած է մնում, մարզերը մնում են թերի վիճակում։

Օրենսդրական դաշտում գլխավոր նպատակը և առաջին քայլը, որն անելու եմ ՝ստեղծել օրենսդրական երաշխիքներ, որպեսզի ֆինանսական միջոցները նպատակուղղվեն մարզ, որովհետև ես վստահ եմ, որ ֆինանսական տեղաշարժի դեպքում մենք կկարողանանք ստեղծել աշխատատեղեր։ Սա նշանակում է կկրճատվի գործազրկությունը, դրա հետևանքով կրճատում կունենանք աղքատության շեմում, և, բնականաբար, կկանխենք արտագաղթը։ Բարդ մոդել չէ, պետք է քաղաքական կամք, այդ ամենն իրագործելու համար։

-Տարբեր խորհրդարանների օրինակներ մեջբերելով՝ երբեմն կարծիքներ են հնչում, որ օրենսդիր մարմնում ցանկալի է տեղ զբաղեցնեն իրավաբաններ ու տնտեսագետներ, դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի շուրջ։

-Հայաստանում չկա կրթական ցենզ, սա նշանակում է, որ խորհրդարան մուտք կարող է գործել անգամ բարձրագույն կրթություն չունեցող մարդը։ Իմ սուբյեկտիվ տեսանկյունից խորհրդարանում պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք մասնագիտական կրթությունից զատ ոչ միայն գիտեն, թե ինչպիսի խնդիրներ կան Հայաստանում, այլ նաև գիտեն՝ ինչպես լուծում գտնեն դրա համար։ Խնդիրները բոլորս էլ գիտենք, այսինքն՝խորհրդարան գնալ ոչ թե ինչո՞ւ հարցին պատասխանելու համար, այլ պատասխանել՝ ինչպե՞ս։ Կա խնդիր, և մարդիկ ասում են՝ այդ խնդիրը պետք է լուծել, բայց որևէ մեկը չի ասում ի՞նչ եղանակով։ Քարոզչական ժամանակահատվածը ես առավելապես կնպատակաուղղեմ դրան՝ բացատրելով խնդիրների լուծման եղանակները, հակառակ պարագայում ես չեմ գնում կոճակ սեղմելու, չեմ գնում Բաղրամյան 19-ում աթոռ զբաղեցնելու համար։

-Եվ վերջին հարցը՝ ի՞նչ կարծիք ունենք, այսպես ասած, խոպանչիներին հարկելու մասին մտադրության մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել։

-Երևույթ, որը լրատվամիջոցների կողմից ներկայացվեց մեկ անկյան տակ և իսկապես աղմուկ բարձրացրեց։ Դրամական փոխանցումների՝ տրանսֆերների հայտարարագրման գործընթացն այժմ էլ կա, օրենքով սահմանված է անգամ այսօր, այլ հանգամանք, որ չի գործում։ Նախօրեին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հստակ նշեց, որ հայտարարագրել դեռ չի նշանակում հարկել, այսինքն` մենք՝ լրագրողներս, հասկանում ենք, երբ կոնտեքստից վերցված մեկ նախադասություն հրամցվում է լսարանին, ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Անտրամաբանական կլիներ՝ մարդը, որն այստեղ աշխատատեղ չունի, որը ստիպված արտագնա աշխատանքով է իր ընտանիքի օրվա հացը վաստակում, մի բան էլ նման հարկատեսակների ենթարկվեր։ Վերադառնում ենք միջնադար, երբ մարդիկ հարկ էին վճարում անձրևի, մորուքի և մնացածի համար։ Շատ կարևոր է, որ այսօր ամենաբարձր մակարդակում նշվում է, որ ցանկացած հարկատեսակի ներդրում կամ գործակցում պետք էլ լինի միայն ու միայն հանրային լսումների արդյունքում։ Ես ուզում եմ, որ այսօր ժողովուրդը հստակ հասկանա, ժողովրդի կամքին հակառակ՝ որևէ մեկը որևէ բան չի անի, որովհետև իշխանությունը ժողովուրդն է և ոչ թե մարդիկ, որոնք նստած են տաքուկ անկյուններում, կառավարությունում, Ազգային ժողովում և այլ տեղերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930