Ես չգիտեմ ինչ հաջողություններ ու անհաջողություններ կունենա մեր կառավարությունը, բայց ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքացին այս հաղթանակն իր ձեռքից այլեւս երբեք բաց չի թողնի: Վարչապետները, Ազգային ժողովները, կառավարությունն անցողիկ է, մնայունը քաղաքացին է»,-Արագածոտնի մարզում՝ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին ոչ թե պատասխանատու է կառավարության առաջ, այլ՝ ապագա սերունդների առաջ. «Մեր ամենամեծ խնդիրը ճեղքելն է մեր խեղճությունը, հուսահատության զգացումը: Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաեւ տնտեսական առումով: Քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը»:
Նիկոլ Փաշինյանը աշտարակցիներին հորդորեց հավատալ ոչ թե քաղաքական գործիչներին, այլ՝ սեփական ուժերին, որովհետեւ քաղաքացին ինքն է որոշում՝ ով պետք է ղեկավարի իրեն. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին հզոր է, ՀՀ քաղաքացու վիզը չպետք է ծուռ լինի: Մենք հավատում ենք, որ Հայաստանը լինելու է ամենաբարեկեցիկ երկրներից մեկը աշխարհում»:
Վարչապետի խոսքով՝ չեն սպասելու, որ ինչ-որ հարուստ մարդ, այսպես ասած, «շաբաշ բաժանի», այլ իրենք ստեղծելու են այնպիսի միջավայր, որ ամեն մի քաղաքացի կարողանալու է իր արդար քրտինքով հացը, իր հարստությունը վաստակել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունն այլեւս աղքատության երկիր չէ, հարստության երկիր է»:
Ապարան քաղաքում էլ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին, որ ապարանցին ինչպիսի դերակատարում է ունեցել թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Այստեղ էլ Փաշինյանն ասաց, որ հաղթանակը նա չէր, որ երկրում կառավարություն, վարչապետ փոխվեց, այլ այն, որ քաղաքացին որոշեց՝ ով պետք է լինի վարչապետ. «հեղափոխության առանցքային իմաստը դա էր, որ դուք որոշեցիք եւ սրանից հետո միայն դուք եք որոշելու»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, շատ են խոսում՝ հեղափոխությունից հետո հիասթափություն կգա եւ այլն. «Դուք կարող եք հիասթափվել վարչապետներից, պատգամավորներից, նախարարներից, բայց դուք ձեզնից չեք կարող հիասթափվել: Որովհետեւ ձեզնից հիասթափվելը կնշանակի կորցնել երկրի տիրոջ իրավունքը»:
Ապարանում էլ Նիկոլ Փաշինյանին մոտեցան բանակում մահացած զինվորների հարազատներ՝ վստահեցնելով, որ իրենց որդուն սպանել են: Խնդրեցին, որպեսզի վարչապետը գործը բացի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ