Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Աղբալյան. «Որոշ մասնագիտությունների աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90%-ի»

Նոյեմբեր 21,2018 16:52

ՀՀ ԿԳ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2017 թ-ից Եվրոպական կրթական հիմնադրամի անմիջական աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, եւ հիմնադրամը արդեն քանի տարի ՀՀ մասնագիտական կրթության ուսուցման համակարգին աջակցություն է տրամադրում: Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էլ առաջնահերթություն է համարվում ՄԿՈւ ոլորտում:

«Այսօր մենք ունենք տեսական ուսուցում եւ գործնական ուսուցում այնքանով, որքանով: Շատ դեպքերում պրակտիկ ուսուցումը չի արտահայտում ամբողջական պատկերը կարիքները, ուսանողին տրվող գործնական գիտելիքը:

Ծրագրի հիմնական ուղղությունն այդ ամենը գործնական դաշտ բերելն է, այսինքն` գործնական ուսուցումը կիրականացվի ոչ թե հաստատության ներսում, այլ կոնկրետ գործատուի մոտ: Դա էլ հենց կոչվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն»,-ասաց Արտակ Աղբալյանը` իրենց մոտեցումը հեղափոխական որակելով:

Նա հավելեց, որ պիլոտային ծրագրի առաջին փուլում ֆինանսական բաղադրիչ էլ կլինի, սակայն կփորձեն պետական բյուջեի վրա հավելյալ բեռ չավելացնել:

Մյուս ուղղությունը ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկություններ ստեղծելու գաղափարն է, որը օրենսդրական կարգավորումների խնդիր ունի, քանի որ ՊՈԱԿ-ները նման իրավասություն չունեն, երրորդ խնդիրն էլ այն է, որ գործատուն հենց տեղում իր աշխատողների համար քոլեջի կամ ուսումնարանի աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ իրականացնի:

ԿԳ նախարարության վարչության պետի խոսքերով, ամենաբարդը պետության կողմից գործատուին որոշակի հարկային արտոնությունների տրամադրումն է: Այդ արտոնությունը, սակայն, կտրամադրվի այն նպատակով, որ ուսանողների համար գործատուն իր մոտ ուսուցում իրականացնի եւ հնարավորություն ունենա այդ ուսանողներին որոշակի աշխատավարձ տրամադրել: «Դա ստեղծում է կապ ուսումնական հաստատության հետ եւ երեխաների եւ գործատուի մոտ մոտիվացիայի հնարավորություն»,- կարծում է Աղբալյանը:

Նա փաստում է, որ Հայաստանում ՄԿՈւ համակարգի դերն ու նշանակությունը վերջին տարիներին շատ է մեծացել, ու միայն այս տարի 1000-ից ավել դիմորդներ դուրս են մնացել մրցույթից ու ուսումը շարունակել են ավագ դպրոցներում: Նրա փաստմամբ, մասնագիտություններ կան, որոնց պարագայում աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90%-ի, օրինակ, սպասարկման ոլորտում ընդհանրապես աշխատանքի տեղավորման խնդիր չկա, նույնը տուրիզմ, հյուրանոցային սպասարկում, բժշկական գործ, դեղագործություն եւ այլ մասնագիտությունների դեպքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930