Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի մասնակիցները Երեւանի կենտրոնում ճանապարհ են փակել

Նոյեմբեր 21,2018 16:32

Քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ այսօր կեսօրից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը ու պահանջում են այդ հարցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դեռ չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել, իրենց պահանջները լսելու համար ներքեւ է իջել վարչապետի խորհրդականը: Մեր հարցին՝ ինչ խոսեցիք, ինչ ասաց խորհրդականը, Մանուկյանը պատասխանեց. «Խորհրդականն ասում էր այն, ինչ մնացած խորհրդականները, թե հարցը լուծված է, բայց նույնն այն ժամանակ էլ էին ասում, բայց հարցը մնում է չլուծված»:

Երիտասարդները սպառնում են դիմել այլ քայլերի, եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում այսօր չլինի: «Ճանապարհն էինք փակել, հիմա հասարակական կարգը պահելու համար ժամանակ ենք տրամադրել, որովհետեւ այդ հարցի վերաբերյալ բոլոր հնարավոր ճանապարհներով՝ մամուլի ասուլիսներով, դիմումներով դիմել ենք, բայց ոչինչ չի փոխվում: Եկել ենք իմանանք՝ ինչու չի նշվում մեր զինգրքույկներում հարցի պատասխանը, ինչպես երեւում է՝ ամբողջը խառնել են իրար, երեւի չեն ուզում նոր խնդիրների մեջ մտնել »,- ասաց Մանուել Մանուկյանը:

Նա ասաց նաեւ, որ ինքը ուսանող է ու չի կարողանում օգտվել ուսման վարձի զեղչերից, ինչը նախատեսված է քառօրյայի մասնակիցների համար. «Մենք ուզում են մեր պահանջները վարչապետին ասել, որովհետեւ բոլոր մնացած մարդիկ տեղյակ են, վարչապետն էլ է տեղյակ, մակագրել է, բայց, ինչպես պարզվում է՝ իրենից ներքեւ բաներ կան, որոնք անտեսվում են, մատների արանքով են նայում եւ այլն: Եթե այսօր վարչապետի հետ հանդիպումը չկայանա, ճանապարհները փակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը գա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930