Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում:
Հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է… Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»:
Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:
Հայտնի հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Աղբյուր` ermenihaber.am/HDP
Հարգելի Գարո,թուրքերը համոզված են,որ հայերի կառուցած ամենը ինչը ոչնչացված է և եթե ինչ որ կառույց դեռ կանգուն է,ուրեմը հայերը չեն կառուցել….