Ըստ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լուսինե Բադալյանի՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փորձի պակասի արդյունք չեն. «Այսօր մենք տեսնում ենք աշխատաոճի տարբերություն: Այն, ինչ տեղի է ունենում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի շուրջ, չենք կարող ասել, որ անգործության կամ էլ փորձի պակասից է: Այս կազմակերպության մեջ մենք լուրջ կշիռ ունենք և կորցնողը միայն մենք չենք լինելու»,-ասաց նա «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում:
Խոսելով առաջիկայում սպասվող ընտրություններից ու նախընտրական քարոզարշավից՝ Լուսինե Բադալյանն ասաց. «Հեղափոխության ժամանակ ծայրահեղ արտահայտությունների անհրաժեշտություն գուցե կար, բայց այս փուլում դաշտը նորից սևերի ու սպիտակների բաժանելը ճիշտ չէ: Քաղաքակիրթ երկրում քաղաքական ներկապնակը պետք է բազմազան լինի»:
Ասուլիսի վերջում Լուսինե Բադալյանը հավելեց նաև, որ միայն հեղափոխությանը մասնակցելը բավարար չէ քաղաքական դաշտ մտնելու համար. «Կարծում եմ՝ մենք արդեն հաղթահարել ենք այն փուլը, ըստ որի, եթե հեղափոխությանը մասնակցել ես, ուրեմն քաղաքական դաշտում տեղ ունես»:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ