Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրենց կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, մասնակցելո՞ւ է նախընտրական քարոզարշավին ինչ-որ ձեւաչափով: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, մեր ներքին խնդիրներին մի խառնվեք: Մենք ունենք նախընտրական շտաբ եւ ցուցակ, ովքեր կան մեր ցուցակում, նրանք կմասնակցեն նախընտրական ընտրարշավին: Այո, Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Երբ որ խոսեք ավելի գլոբալ փոփոխությունների մասին, դա իրավասու է միայն համագումարը, մենք չէինք կարող անել: Մենք որոշել էինք, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիս ամիսներին, փետրվար-մարտ ամիսներին պետք է անցկացնեինք համագումար, բայց հանկարծակիի բերեցին եւ մենք ընդամենը կարողացանք կազմակերպել խորհրդի ընդլայնված նիստ: Համագումարին բոլոր հարցերի պատասխանները դուք կստանաք, միք շտապի»:
Դիտարկմանը, որ շտապողականության հարց չկա, ուղակի Սերժ Սարգսյանը, որը ձեր կուսակցության առաջնորդն է, որեւէ կերպ այս ամիսներին չի երեւում ու իր ղեկավարած ուժը պետք է մասնակցի ընտրության, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Նա խորհրդի նիստում բավականին լայնածավալ ելույթ է ունեցել: Հանրության առաջ պարտադիր չէ, որ ելույթ ունենա»: Նա ասաց՝ մեզ մոտ այնպես չէ, որ միանձնյա մեկն է որոշում, թիմն է որոշում ու թիմի անդամներից մեկը կարող է որոշումները հանրությանը հայտնել. «Մենք կորոշենք, թե թիմի անդամներից ով է ելույթ ունենալու: Ես էլ կարող է այս ընթացքում, որ ռեյտինգայինով առաջադրվել եմ, ակտիվ ելույթները քիչ լինեն, այն ժամանակ էլ ինձ ասեն, թե էս ինչի՞ չխոսեց»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը, ինչ իրեն մերժել են, հանրության առաջ որեւէ կերպ չի երեւացել, ելույթ չի ունեցել՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Խնդրում եմ այդ թեմայի շուրջ մի ծանրանա, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է: Ինքը զբաղված է իր գործերով, նաեւ կուսակցական գործերով ինքը պասիվ չէ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի բարձր տրամադրությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նորմալ տրամադրություն է»:
Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ