«Չմոռանանք, թե ինչից է սկսվել «կինոն»: «ՀԱՊԿ-ում ՀՀ արկածները» սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի՝ ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված վերաբերմունքից, Խաչատուրովի հանդեպ քրեական գործի հարուցման շրջանակում ՀԱՊԿ-ի հանդեպ ոչ պատշաճ եւ ոչ հարգալից վերաբերմունքից: Օդից չի ընկել այս ամենը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-Բելառուս հակադրությանը եւ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման շուրջ իրավիճակին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրովին պետք էր նախ հետ կանչել, ապա՝ քրեական գործ հարուցել, մինչդեռ հակառակն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի հայտնի քրեական գործի շրջանակում Պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին առաջադրված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք:
«Ներքաղաքական շահարկումներից ելնելով՝ այդպես չարեցին, իսկ հիմա ազգովի պայքարում ենք հետեւանքների դեմ: Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա փորձում «ֆռցնել», թե ինքը մաչո է՝ հայկական դիվանագիտության Դեն Բիլզերյանը…Ինձ դուր չեկան Փաշինյանի երեկվա ասածները: Երբ ասում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը երրորդական է, նշանակում է, որ մատնանշում է դեկտեմբերի վեցին ՀԱՊԿ-ում ՀՀ նահանջի ճանապարհը»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վեցին ՀԱՊԿ-ում երկրորդ անգամ կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ի գլխավորած իշխանությունը նախկինում ՀԱՊԿ-ում շոուներ չէր անում, եւ հետեւանքներ չէին լինում, իսկ Փաշինյանի պարագայում շոուն դեռեւս ցույց կտա իր հետեւանքները. «Այսօր ոչ թե արդյունքն է առաջնային, այլ շոուն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/191219755118326/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ