Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է դեկտեմբերի 9֊ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում Արարատի և Վայոց Ձորի մարզերում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամների հետ։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները հանդիպման ընթացքում հետաքրքրվել են, թե քանի ընտրատեղամաս կա Արարատի մարզում, ինչ գործառույթներ կամ դերակատարում ունի Արարատի մարզպետարանն ընտրական գործընթացների կազմակերպման գործում։
Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, դեկտեմբերին կայանալիք ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց ժողովրդավարությամբ ու հավասար մրցակցային պայմաններով, ապա ավելացրել, որ ընտրական գործընթացներում չեն լինելու ճնշումներ, միջամտություն ու հարկադրանք ոչ միայն պետական, այլև մասնավոր կառույցների աշխատակիցների նկատմամբ, ապա խոսքն ավարտել համոզմամբ, որ անելու են ամեն բան, որպեսզի այս ընտրությունները պատմության մեջ մնան որպես աննախադեպ ժողովրդավար ու թափանցիկ ընտրություններ։
Արարատի մարզպետարանի հաղորդագրություն