Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի հետ հանդիպմանը Ոսկեհատի համայնքապետն ասաց, որ 20 տարի է՝ խորքային հորի հարցն է բարձրացնում

Նոյեմբեր 21,2018 15:45

«Այս պահի դրությամբ մեր երկրում ներդրումային փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ծրագրեր, հիմնականում արտադրության ոլորտում»,-այսօր այս մասին Արագածոտնի մարզպետարանում քաղաքացիների եւ մարզային իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, եթե ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան, իսկ դրանք, նրա խոսքով, արդեն հստակ պայմանավորվածություններ են, ապա «մյուս տարի մեր երկրի կերպարը՝ տնտեսական առումով, 180 աստիճանի շրջադարձ է ունենալու»:

Վարչապետն ասաց, որ վախենում է այդ մասին բարձրաձայն խոսել, որպեսզի աչքով չտա. «Ներդրողների հետ հանդիպել ենք, խոստացել ենք, ձեռք ձեռքի ենք տվել, երդում ենք կերել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը մի քանի գործարանների կառուցման մասին է: Ասաց նաեւ, որ մեր երկրում մենաշնորհները վերացել են, որ այսօր արդեն երկրորդ շաքարի գործարանը կբացվի:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը դիմելով դահլիճում ներկա համայնքապետերին, ասաց, որ նրանք պետք է կառավարության այդ տեսլականները հասցնեն ամեն մի բնակչին:

Ոսկեհատի համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, 20 տարի է՝ այդ մասին խոսում է, բայց սայլը տեղից չի շարժվում: Ոսկեհատի համայնքապետը խնդրեց խորքային հորեր գործարկել, որպեսզի գյուղացին ջուր ունենա:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ թեման կգրանցեն եւ բնապահպանության նախարարի հետ կքննարկեն, ապա՝ ավելացրեց. «Խորքային հորերի թեման ցույց է տալիս երկրում վարվող քաղաքականության անարդյունավետությունը: Մենք ունենք Արարատյան դաշտի անգնահատելի ավազանը, որն իսկապես անգին է: Եվ Հայաստանում մոդա ընկավ ձկնաբուծությունը, որը շատ լավ է: Վատ չէ, երբ ՀՀ-ից ձուկ է արտահանվում Ռուսաստանի դաշնություն, բայց կրկին արդյունավետության խնդիր է: Մենք տարեկան 1 միլիարդ դոլարի ջուր ենք օգտագործում,որպեսզի ստանանք մոտավորապես 200 միլիոնի ձուկ»:

Վարչապետն ասաց, որ պետք է ներդրվեն նոր տեխնոլոգիաներ, նոր ներդրումներ արվեն այս ոլորտում, հատկապես՝ կլիմայական փոփոխությունների այս շրջանում մենք չենք կարող այդպիսի շռայլություն եւ անտնտեսվարություն մեզ թույլ տալ. «Այս թեման, որ մենք բացում ենք, մեր նպատակը վնաս տալը չէ, այլ արդյունավետությունը բարձրացնելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930