Ըստ «ՄԵՆՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Անուշ Լալայանի՝ իրենց դաշինքը միակ ուժն է, որտեղ բոլորը «միատոն են». «Մեր դաշինքում ընդգրկված են այնպիսի մարդիկ, ովքեր ավելի երիտասարդ են, ավելի մեծ ձգտումներ ունեն և վստահ են, որ դաշինքով կարող են անցողիկ շեմը հաղթահարել, անգամ ավել ձայներ հավաքել»,-այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անուշ Լալայանը:
Անուշ Լալայանի դիտարկմամբ՝ իրենց ուժը հենց սկզբից աջակցել է հեղափոխությանը, պարզապես այսօր գաղափարական տարբեր տեսակետեր են կիսում. «Քաղաքացիական պայմանագրից մենք տարբերվում ենք գաղափարական դիրքորոշումներով, օրինակ՝ մենք ավելի եվրոպամետ ենք, և նոր ձևավորվող խորհրդարանում մենք կլինենք ընդդիմություն, որը կլինի նաև իշխող ուժին զսպող ուժ»:
Խոսելով իրենց առջև դրված առաջնային խնդիրներից, Լալայանն ասաց. «Մենք շարունակում ենք անդամակցել ԵԱՏՄ խայտառակ միությանը, և ոչ մի քայլ չի արվում այդ անդամակցությունն ընդհատելու համար: Պետք է փոխենք արտաքին քաղաքականության ռազմավարությունը: ԵՄ-ի հետ լուրջ համագործակցելու շանսեր կան»:
Լալայանը համոզված է նաև, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փչանա:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ