Այսօր Արագածոտնի մարզպետարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցող տնտեսական ցուցանիշների անկման պատճառներին՝ նշելով, որ ինքն արդեն պատասխանել է այդ հարցին՝ նշելով, որ տնտեսությունում առողջացման գործընթացներ են տեղի ունենում:
Ասաց նաեւ, որ այդ ցուցանիշները հիմնված են երեք օղակների վրա, որոնցից մեկը հանքարդյունաբերությունն է. «Թեղուտը, որն ամենախոշորներից է, այս տարվա փետրվարից չի աշխատում եւ մենք հիմա ջանքեր ենք գործադրում Թեղուտի վերագործարկումը իրագործելու համար, բայց, ամեն դեպքում, մինչեւ այս պահը չի աշխատում: Մյուսը՝ խաղադրույքների ինդուստրիան է եւ երրորդը՝ գյուղատնտեսությունն է, որը, ցավոք, դեռեւս մեր երկրում արդյունավետության մակարդակի չի հասել»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ երեք ոլորտներով պայմանավորված տնտեսական ցուցանիշների անկումը շարունակվել է, չնայած, ըստ Փաշինյանի, նախորդ ամսվա համեմատությամբ, հոկտեմբերին ունեցել ենք 3 տոկոս տնտեսական աճ»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ աճը տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր ու միջին ձեռնարկությունների ակտիվության հաշվին. «Նախորդ ամսվա անկումից հետո 12 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Սա ցույց է տալիս, որ տնտեսության վերաբերյալ մեր մեկնաբանությունները արդարացված են եւ սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ մենք ոչ արդյունավետ տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունավետ տնտեսություն»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղոլորտի անկումը ցավալի է, սակայն մեր գյուղատնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ «մի կարկուտը կամ միջատները, որոնք մեզ առանց տեղյակ պահելու ՀՀ տարածք են մտնում, դա կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել: Սա ընդհանարապես խոսում է մեր տնտեսության անլրջության մասին»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ գյուղատնտեսությունում պետք է շատ լուրջ փոփոխություններ իրականացնեն: Ըստ նրա՝ հակակարկտային կայանները արդյունավետ չեն եղել, բայց հիմի ինքը հանձնարարել է ԱԻՆ մասնագետներին, որ ուսումնասիրեն մասնավոր ընկերության փորձը, որի ներդրած կայանները բավականին արդյունավետ են աշխատում եւ նրանց բերքը կարկուտից չի տուժում. «Այսինքն՝ ցիկլն ամբողջությամբ պետք է ուսումնասիրվի, ինչ գազ են լցնում, ով է որոշում, որ հենց դա պետք է լցնել եւ այն»:
Հակակարկտային ցանցերի տեղադրման առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ բյուջեով այս տարի նախատեսված էր 90 միլիոն դրամ հատկացնել դրանց, սակայն այդ գումարը չի օգտագործվել, քանի որ պարզվել է, որ այդ պայմաններով ցանցերի ներդրումը գյուղացիներին ընդհանրապես չի հետաքրքրել. «Մենք պետք է աշխատենք այնպիսի պայմաններ ստեղծենք, որ այդ ծրագիրը մարդկանց հետաքրքրի»:
Ինչ վերաբերում է ոռոգման խնդիրներին, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համակարգում կա թնջուկ, որը պետք է լուծեն եւ հանգիստ թողնեն Սեւանը:
Ըստ Փաշինյանի, մեր երկրում մոտ 180 փոքր ՀԷԿ կա եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանցից 150-ում ոչ մի տեղ ջրաչափ չկա, չնայած, որ դա օրենքի շատ հստակ պահանջ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ