Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը` բուհ «վազելու» եւ քոլեջի դիպլոմով լավ աշխատանքի մասին

Նոյեմբեր 21,2018 14:42

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) ԵՄ անդամ երկրների եւ Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) գործընկեր երկրների Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Եվրոպական կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Դիդիյե Ժիլբերին, որը մասնակցում էր Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի եւ ճանապարհային քարտեզի նախագծի ներկայացմանը:

Նա ասաց, որ հիմնադրամի ծրագրերից մեկը վերաբերում է աշխատանքի վայրում ուսումնառության բնագավառում գործընկեր երկրներին աջակցելուն: Պարոն Ժիլբերին հավելեց, որ աշխատանքի վայրում ուսումնառությունը համարվում է առաջնահերթություն ՄԿՈՒ ոլորտի կրթությունը բարելավելու եւ ձեռնարկությունների կարիքներին համապատասխանեցնելու տեսակետից:

Նա հավելեց, որ այս նախաձեռնությունն արդյունքն է վերջին 3 տարիների ընթացքում տեղի ունեցած մի ծրագրի, որը վերաբերում է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին: 2018-ի հունվարին ՀՀ ԿԳ նախարարը ստեղծեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են ինչպես ձեռնարկություններ, այնպես էլ դոնորներ, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանյան աշխատախումբը ԵԿՀ-ի աջակցությամբ մշակել է Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման 2019-2025 թթ. Հայեցակարգի եւ ճանապարհային քարտեզի նախագիծը:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում բոլորը վազում են դեպի բարձրագույն կրթություն, քանի որ հայկական ընտանիքում ավանդաբար համարվել է, որ երեխան պետք է անպայման բարձրագույն կրթություն ստանա, մինչդեռ շատերին բուհի դիպլոմով չի էլ հաջողվել մասնագիտությանը համահունչ աշխատանք գտնել:

«Բարձրագույն կրթություն ստացածների մեծ մասը աշխատում է այնպիսի ոլորտներում, որտեղ կարող էր աշխատել նաեւ քոլեջ ավարտելուց հետո` սպասարկման ոլորտ, շինարարություն եւ այլն: Շեշտադրումները, ուղերձները, որոնք պետք է ուղղվեին հանրությանը, հստակ չէին արվում: Եվ դա նաեւ պայմանավորված է եղել քոլեջների ոչ բավարար զարգացմամբ:

Հիմա մարդիկ հասկանում են, որ քոլեջ ավարտելուց հետո իրենց երեխայի համար շատ ավելի լավ կենսակերպ է ապահովվելու, լավ մասնագետ են դառնալու: Դրանով պայմանավորված էլ ամեն գնով բուհ գնացողների թիվը կնվազի»,-համոզված է Հովհաննես Հովհաննիսյանը:

Անդրադարձ եղավ աշխատաշուկա-քոլեջներ կապին: Փոխնախարարը հավելեց. «Քոլեջների խորհուրդներում այժմ ընդգրկված են գործատուներ, բայց շատ դեպքերում գործատուներն ամբողջությամբ չեն ներգրավված քոլեջի կյանքում եւ ամբողջությամբ չեն ապահովում ուսանողների հետ կապը»:

Մեր հարցին` ո՞րն է դրա պատճառը, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Գործատուներին արտոնություններ չտրամադրելն է, չգիտակցված լինելը, որ կրթության ոլորտում լայնորեն ներգրավվելով` իրենց բիզնեսը հնարավորություն է ստանում ավելի աճելու: Սա պետք է լինի փոխշահավետ համագործակցություն գործատուների եւ կրթության ոլորտի համար:

Երբ գործատուները վերջապես կգիտակցեն, որ կրթությունն իրենց բիզնեսի համար կարեւորագույն հանգրվան է, հենց այդ պահից սկսած էլ մեծ թափով մասնակից կլինեն: Արդեն միտում կա: Տարբեր գործատուների հետ ենք հանդիպում, վերջերս նրանցից շատերը բողոքում էին կադրերի պակասից: Հիշո՞ւմ եք` երբ վարչապետն այցելեց Տավուշ, Տավուշ տեքստիլի տնօրենը բարձրացրել էր կադրերի պակասի խնդիրը:

Մենք համագործակցության հետաքրքիր մոդել ստացանք այնտեղ, եւ արդեն գործընթացը գնում է, որ պատրաստվեն մասնագետներ տեքստիլ ոլորտում բավականին բարձր աշխատավարձով աշխատելու համար: Բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ, մինչդեռ մենք ներդրել ենք, օրինակ, ռոբոտոտեխնիկա եւ այլ մասնագիտություններ, եւ շատ աշխատանքներ, որոնց համար բարձրագույն կրթություն պետք չէ, կարելի է կատարել ունենալով քոլեջում ստացած կրթություն: Նույնն էլ վերաբերում է տուրիզմի, սպասարկման , գինեգործության, պանրագործության, ոսկերչության, ՏՏ ոլորտներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930