«Վարչապետը, կներեք բառիս համար, բայց «ափաշքյարա» խախտում է ՀՀ ընտրական օրենսգիրքը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիք այցի ժամանակ հնչած ելույթներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Երբ մենք ունեինք վարչապետ, որը մեր կուսակցությունից էր, ամեն ինչ անում էինք, որպեսզի մինչեւ ժամը վեցը վարչապետը մնա վարչապետ, եւ այդ ժամից հետո միայն զբաղվի նախընտրական քարոզչությամբ»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
Աշոտյանի խոսքով. «Մարզային այցի ժամանակ վարչապետի համար նախատեսվում է վարչապետական ծրագիր, պետական ռեսուրսի օգտագործում, ուստի Փաշինյանն իրավունք չունի բեմահարթակից քարոզչական կոչեր եւ հակաքարոզչություն անել»: Լրագրողները խնդրեցին մատնանշել, թե Փաշինյանի կոնկրետ որ հայտարարություններն են քարոզչական, սակայն Աշոտյանը նկատեց. «Դա խայտառակություն է: Եթե մենք անեինք նման բան, մեզ կհոշոտեիք, իսկ հիմա փորձում եք Փաշինյանին պաշտպանել ինձանից: Մի պաշտպանեք, Փաշինյանին թվում է, թե նա այլեւս ՀՀ-ի « царь и бог»-ն է եւ «ալֆա-օմեգան»…»:
Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ օրենքի մեկ այլ խախտում էլ է գրանցվել. «Երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ո՞վ է գնում-գալիս իմ նախընտրական շտաբ, հետո մոտենում են եւ եկողներին ասում՝ «չես վախենո՞ւմ, հետո գործից կհանեն», եւ այլն…հուշում են, որ չգան: Այդ ի՞նչ է նշանակում՝ մոտենալ իմ ենթաշտաբերից մեկի ղեկավարին եւ ասել, որ ինձ մոտ այլեւս չգա»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրավախախտման մասին հաղորդում տվե՞լ եք: «Ի՞նչ տամ…երեկ հայտարարություն տարածեցինք, եւ ես ուշադիր հետեւելու եմ ԿԸՀ-ի արձագանքին: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, ինձանից եւ Շարմազանովից ավելի մեր իշխանությունում թիրախավորել էր ԿԸՀ նախագահին եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին: Երկուսին էլ հիմա «պահել» է: Կամ նա ժամանակին սուտ էր խոսում, կամ էլ…ինչո՞ւմն է կայանում Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես ասում էր ԱԺ ամբիոնից, իսկ հիմա՝ պահել է»,-պատասխանեց Արմեն Աշոտյանը: Նա վարչապետի պաշտոնակատարին կոչ արեց կամ խոստովանել, որ այն ժամանակ սուտ հայտարարություններ է արել, կամ ասել, որ սխալվել է:
https://www.facebook.com/aravot.am/videos/191219755118326/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ