Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը Բաբուխանյանին ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների փաստաթղթերի փաթեթը ու անհիմն որակեց նրա խոսքերը

Նոյեմբեր 21,2018 14:29

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց 50 մլն դոլար վարկ վերցնելու հարցը ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը քննադատեց կառավարության այդ գործելակերպը՝ բյուջետային հարցերը լուծելու համար արտաքին պարտքն ավելացնելու: Նա ասաց, որ այդ 50 մլն դոլար վարկը թոշակ, նպաստ, աշխատավարձ բաժանելու համար վերցնելը փաստում է, որ այն խոստումները, որ պետք է լինեն ներդրումներ, չկան. «Ասում էին պայքար կոռուպցիայի դեմ, որի արդյունքում պետք է բյուջետային բացերը լրացվեին, վարկը խոսում է նրա մասին, որ այդ պայքարը ձեւական է: Եթե այդ վարկը լիներ մի գործարան, աշխատատեղ բացելու համար, ես կողմ կքվեարկեի, բայց քանի որ սա սովորական մարսողական վարկ է, ես չեմ կարող կողմ լինել: Կառավարության ստվերային տնտեսության դեմ պայքարը պետք է տար տնտեսական էֆեկտ ու այդ էֆեկտը մի քանի անգամ պետք է բարձր լիներ, քան ընդամենը 50 մլն դոլարը»:

Ի պատասխան՝ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ ՀՔԾ-ի բացահայտումների փաստաթղթերի տրցակը ձեռքին ու Բաբուխանյանին ասաց. «Բաբուխանյանը հայտարարություն արեց, որ կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, որ բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով, ես ուզում եմ ներկայացնել հատուկ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի եւ ոստիկանության կողմից բացահայտված գործերի նյութերը, մոտավորապես 170 հայտարարություններ են տարածել այս մարմինները, որտեղ հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների մասին: Բնականաբար, այս գումարները, որոնք քննության ընթացքում կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետբյուջե: Այն հայտարարությունները, թե կոռուպցիոն գործարքները չեն բացահայտվում, անհիմն են: Ես այս փաթեթը կներկայացնեմ պարոն Բաբուխանյանին ուսումնասիրության համար, որպեսզի անտեղի հայտարարություններ չհնչեն կառավարության հանդեպ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930