«Քննարկումների արդյունքում որոշեցինք մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց Երկիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Ըստ Մհեր Շահգելդյանի՝ ՕԵԿ-ը համարվում է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաակտիվ քաղաքական ուժերից մեկը. «Օրինաց Երկիր» կուսակցությունն իր ստեղծման պահից մշտապես մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ մեր ուժը խորհրդարանում ավելին քան 250 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է եղել, և մեր մասնակցությունն ընտրություններին անհրաժեշտություն է»:
Հարցին՝ այս վեց ամիսների ընթացքում իշխանություններին ի՞նչ է հաջողվել և ի՞նչ չի հաջողվել, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր իրականացնել համարձակ և արմատական բարեփոխումներ, բայց այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ էր նաև ներկայացնել երկրի տնտեսության և զարգացման ռազմավարություն: Երկրորդ կարևոր խնդիրն էլ այն է, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, թե վաղն ինչ է իրենց սպասվում»:
Խոսելով ՀԱՊԿ-ում տեղի ունեցող վերջին իրադարձություններից՝ Շահգելդյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված վերջին իրադարձությունները կարելի է ձախողում որակել, բայց միևնույն ժամանակ ցանկալի չէր, այս խնդրի առաջ կանգնելը: Մենք այսօր ՀԱՊԿ-ում Հայաստանի դերն ու նշանակությունը բարձրացնելու խնդիր ունենք»:
Մհեր Շահգելդյանը վստահեցրեց նաև, որ իրենք աջակցել են հեղափոխությանը և շարունակելու են աջակցել:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ