ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացահայտեց, որ դեկտեմբերի իննին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լքելու է երկիրը՝ գործնական նպատակով եւ ոչ մշտապես: «Երկրից ընդմիշտ երբեք չեմ հեռանալու, չեմ կարող որեւէ պարագայում «կտրվել» երկրից»,-նշեց Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ նախկինում էլ միջազգային կառույցներում աշխատելու շատ առաջարկներ է ստացել, բայց մերժել է, քանի որ իր հայրենիքը ՀՀ-ն է, եւ միշտ չէ, որ գործնական շահերով պետք է առաջնորդվել:
Իսկ թե ուր է մեկնելու եւ որտեղ է աշխատելու, Գեւորգ Կոստանյանը չուզեցավ հայտնել. «Այնպես չէ, որ հնարավորություն չունեի ԱԺ մտնել, նման առաջարկներ շատ են եղել, բայց միշտ ասել եմ, որ խորհրդարանական գործունեությունն ինձ հոգեհարազատ չէ, քանի որ քաղաքական տարրեր է պարունակում, իսկ ես մեկնելու եմ աշխատանքային նկատառումներով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործելու համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի ցուցակում Կոստանյանն ընդգրկված չէ:
https://www.facebook.com/aravot.am/videos/2301981393180434/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ