Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը. ՏՄՊՊՀ որոշմամբ կիրառվեց 30 մլն դրամ տուգանք

Նոյեմբեր 21,2018 13:59

Այսօր` նոյեմբերի 21-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք` 30 մլն դրամի չափով:

«ՀԿ երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի, «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել իր ընկերությանը և խաթարվել դրա բնականոն գործունեությունը: Խնդիրն այն է, որ «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես հրաժարվում է իրականացնել թե դրանց վերանորոգումը և թե փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ: Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, հետևապես «ԱՄ գրուպը» իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չունի, այսինքն` վագոնները այլ կերպ և այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է: Տեսնելով, որ տարեցտարի, վագոնների կանգնած մնալու հետևանքով իր գործունեության վնասն ավելի է մեծանում, «ԱՄ գրուպը» խնդրել է դրանք տեղափոխել առանց վերանորոգման, որից հետո, ՀԿԷ-ն պատասխանել է, որ տնտեսվարողը իրեն պարտք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ, որը հաշվարկվել է որպես վագոնները իրենց պատկանող տարածքում կայանելու և պահպանման ծախս: Ու թեև երկու կողմերի միջև պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որևէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ այդ պատճառաբանությամբ ՀԿ երկաթուղին հրաժարվել է համագործակցությունից:

Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետևանքով «ԱՄ գրուպը» կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության

Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկում»` հետագայում դրանք վաճառելու և բանկի պարտքը մարելու ակնկալիքով: Սակայն, «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետևանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել , հետևապես անհնար է դարձել նաև բանկի վարկի մարումը և գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ: Բանկը ևս իր հերթին փորձել է բանակցել ՀԿ երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու և վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել:

Վերոնշյալից հետո ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղու» ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել նաև «Արմսվիսբանկը», որն իր դիմում-բողոքում նշել է , որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս ըստ էության խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը: Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման:

«ՀԿ երկաթուղու» պատճառաբանությունները անհիմն են և ոչ փաստարկված

Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ տևական ժամանակ երկաթուղին մշտապես տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է համագործակցել նախ «ԱՄ գրուպի» ապա նաև «Արմսվիսբանկի» հետ՝ խոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը և չարաշահելով իր գերիշխող դիրքը: Նախ պատճառաբանել է, որ վագոնները չեն կարող տեղափոխվել առանց վերանորոգման, ապա նշել է, որ կտեղափոխվեն, սակայն առկա է պարտք, որը մարելուց հետո միայն կքննարկեն տեղափոխման հարցը, ավելի ուշ մատնանշել է վագոնների՝ բանկում գրավադրված ժամանակ դատական ակտերով առկա սահմանափակումները, որն ըստ էության իր գործունեությանը չի առնչվում, դիմումի ձևի թերի լրացված լինելը և այլն:

 

ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպին» և «Արմսվիսբանկին» պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը հանդիսանում է օրենքի խախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930