Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական մի օլիգարխի որ մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե, էդ 50 մլն-ը ի՞նչ էր, որ չկարողացաք բերել օլիգարխիայից». Բաբուխանյան

Նոյեմբեր 21,2018 13:53

Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվեց ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, զեկուցելով պայմանագրի մասին՝ ասաց, որ ՀՀ-ն ներգրավելու է բյուջետային 50 մլն դոլար վարկային միջոցներ, այն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում է կատարվում: Վարկի ժամկետը 15 տարի է, որի երեք տարին՝ արտոնյալ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ «Այդ գումարի չափով մեր արտաքին պարտքը կավելանա, ձեր կառավարությունը դեմ էր, որպեսզի մենք վարկեր վերցնենք եւ դրանք ծախսենք բյուջեի աջակցության համար: Այդ վարկը վերցվում է նրա համար, որ բյուջետային ծախսերը փակվեն, բաժանվեն թոշակներ եւ այլն, բա այդ վարկը մենք հետո ինչի՞ հաշվին ենք փակելու, եթե դա չի վերցվում ինչ-որ նոր գործարան բացելու համար»:

Փոխնախարարը պատասխանեց, որ այո, վարկի արդյունքում 50 մլն դոլարով ավելանալու է բյուջեի վրա բեռը. «Կան նպատակային վարկեր, որոնք գնում են դեպի նպատակային ծրագրեր, ճանապարհ, ջուր, էներգետիկա, կան վարկեր, որոնք ուղղվում են բյուջետային կայունությունը պահելու համար»: Նա ասաց, որ ապագայի համար ունեն այդ քաղաքականությունը, որ բյուջետային վարկավորումից հրաժարվեն, բայց դա կլինի այն ժամանակ, երբ հնարավոր կլինի սեփական ռեսուրսներով ծախսերը փակել:

Բաբուխանյանն արձագանքեց. «Բոլոր կառավարությունները գալիս են եւ այս ամբիոնից ասում են՝ երբ որ մենք կունենանք մի քիչ ավելի շատ ռեսուրսներ, վարկեր չենք վերցնի եւ սեփական միջոցներով կփակենք բյուջեի դեֆիցիտը: Հարց է առաջանում՝ հայկական մի օլիգարխի որ մի հատ լավ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե: Հիմա էդքան խոսում ենք՝ օլիգարխիայի դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար, հիմա էդ 50 մլն-ը ի՞նչ էր, որ չկարողացաք օլիգարխիայից, ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում դնեիք բյուջե, որ դա նորից չծանրանար մեր ժողովրդի ուսերին: Թե չէ հիմա կերանք, խմեցինք, էդ 50 մլն-ով նպաստ տվեցինք, պրծավ, գնաց, 3 տարի հետո 50 մլն-ը ինչո՞վ ենք տալու: Կոռուպցիայի դեմ պայքարից հնարավոր չէ՞ր այդ 50 մլն-ը դնել բյուջե»:

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր էր, բայց ռիսկային էր՝ իսկ եթե այդ 50 մլն-ը չկարողանայինք ունենալ եւ առաջիկա 2 ամսում ունենայինք ֆինանսական ապահովման խնդիր: Ամեն դեպքում ցանկացած կոռուպցիոն վարկային միջոցով, հարկային վարչարարության միջոցով եկամուտները մեզ հնարավորություն կտա, որ քիչ վերցնենք վարկեր»: Նա ասաց, որ բյուջեի միջոցները պետք է կայուն հենքերի վրա լինեն, կոռուպցիայի դեմ պայքարից կունենան միջոցներ, հաջորդ տարիներին այլ կերպ կվարվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930