Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում

Նոյեմբեր 21,2018 13:16

«Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է եւ իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում»,-այսօր Բաղրամյան 26-ում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ գործարարների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Սարգսյանի խոսքով, այդ պայքարն աննկատ չի մնում ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Եվրոպայում, ինչը նախագահի կարծիքով դրական երևույթ է. «Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է: Մենք ցանկանում ենք ունենալ այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետեւ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում: Եթե ուշադիր լինենք աշխարհում ամենամեծ ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»:

Նախագահի խոսքով, շատ կցանկանար, որպեսզի Հայաստանում զարգանար նաեւ արբիտրաժային դատարանի մշակույթը: Ըստ նրա ներդրումներ կատարելու համար մեր երկրի բանկային եւ ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը գործարարների համար լավ նախադրյալներ են. «Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, եւ, եթե Հայաստանում արժույթը եւ բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետեւաբար կարելի է երկրին վստահել»:

Անդրադառնալով այս տարվա ապրիլին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին,Արմեն Սարգսյանն ասաց, որ այդ փոփոխությունները Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի. «Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ, ունիկալ երկիր է, որտեղ մեծ փոփոխություն է տեղի ունեցել, պատմական փոփոխություն, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց՝ շատ պարզ եւ մարդկային ձեւով: Եվ մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, որովհետեւ անկայուն աշխարհում կա մի տեղ, որտեղ իր ձեւով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, սա ամենաբարձր մակարդակն է գործարար շրջանակներում մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետեւաբար Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930