Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դաշնակիցները նախ պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման». Ֆարմանյանը՝ Բելառուսի ու Ղազախստանի մասին

Նոյեմբեր 21,2018 12:54

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց այն նախագիծը, որով Բաղրամյան 26-ը նախատեսվում է նորից տալ երկրի նախագահին: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նախագիծը զեկուցելիս ասաց, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը, որը 1992-ից է սկսել ծառայել որպես ՀՀ նախագահի նստավայր, պետք է վերադարձնել ՀՀ նախագահին. «Սա ունի նաեւ խորհրդանշական բնույթ»:

Նիստում քննարկվեց նաեւ Ղրղզստանի հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն ասաց, որ ձայնագրությունը ստորագրվել է մայիսի 14-ին՝ Սոչիում: Այն նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների ներկա պահին կիրառվող դրույքաչափերի ժամկետը երկարաձգել մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը: Ներկայումս ՀՀ-ի դրույքաչափն է 1,22 տոկոս, ՌԴ-ինը՝ 85,265 տոկոս:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ դրույքաչափերի առումով ի՞նչ է ձեռք բերելու Հայաստանը, ի՞նչ հասույթ ու շահույթ ենք ունենալու՝ ժամկետը երկարաձգելու դեպքում ու ի՞նչ կկորցնենք, եթե չերկարացվի ժամկետը: Փոխնախարարը պատասխանեց, որ մեզ համար երկարացվում է այն ժամկետը, որի ընթացքում մենք ավելի մեծ մասնաբաժին ենք ստանում. «ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 1 տոկոսային կետը տարեկան կտրվածքով շուրջ 116 մլն դոլար է կազմում: Անցյալ տարի մենք ունեցել ենք 68 մլրդ դրամ մուտքեր, ընդ որում, անդամակցությունից սկսված՝ ՀՀ բյուջե հաշվեգրվող մասը գերազանցել է մեր կողմից հավաքագրված եւ անդամ պետություններին բախշված մաքսատուրքերի մեծությունը, այս առումով ունենք զուտ դրական արդյունք: Այս պահին ԵԱՏՄ-ի եւ անդամ պետությունների միջեւ երկու մոտեցում է քննարկվում, առաջինը անժամկետ ֆիքսելն է մաքսատուրքերը, ինչը մեզ համար ամենից նպաստավոր ելքը կլինի, որովհետեւ հակառակ դեպքում մեր մասնաբաժինն ավելի ցածր կլինի, քան 1.22 տոկոսը, որը հիմա գործում է: Երկրորդ հնարավոր տարբերակն այն է,որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից կմշակվի մեթոդաբանություն, որով կամրագրվեն ցուցիչները եւ յուրաքանչյուր 3 տարին մեկ վերանայման ենթակա կլինեն նորմատիվները: Այս երկրորդ տարբերակը մեզ համար ցանկալի չէ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում ասաց, որ մտահոգված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ փոխհարաբերությունները լարված են: ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում որոշ իրավիճակներին, երբ դրանք վերաբերում են ԵԱՏՄ-ին, ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին ու շատ ավելի մեղմ են արձագանքում, երբ ԱՄՆ գործիչները կոչ են անում մեզ հրաժարվել մեր ավանդույթներից ու մեր ազատագրած տարածքներից Արցախում. «Ինչո՞ւ է մեր երկրի վարչապետը Պուտինին ասում, որ պետք չէ խառնվել մեր երկրի ներքին գործերին, իսկ երբ գալիս է Բոլթոնը ամերիկյան, արտգործնախարարի օգնականը եւ ասում, թե ինչպես պետք է մենք ապրենք, հրաժարվենք մեր տրադիցիաներից, դա չի ընկալվում մեր ներքին գործերին խառնվելու իրավիճակ»:

Ուշագրավ է, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ իր ելույթում կիսելով Բաբուխանյանի մտահոգությունը՝ հակադարձեց նրան. «Պարոն Բաբուխանյան, եթե դուք Բելառուս եւ Ղազախստան ասելով՝ նկատի ունեք մեր դաշնակիցները, ապա այդ դաշնակիցները նախ պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ, թե այդ պահին երկրի քաղաքական իշխանությունն ում ձեռքում է գտնվում»:

Ըստ Ֆարմանյանի, ՀՀ-ն երբ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, դա ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական համագործակցության շարունակությունն է: Եթե մենք այս տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություններում մեր ներգրավվածությամբ այս պարզ դիտակետը չպետք է ունենանք, այլ ակնկալիքներ պետք է ունենանք, ապա մեզ կարող է սպասել հիասթափություն: ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին՝ այն համոզմամբ, որ ղազախ կամ բելառուս զինվորները պետ է ապահովեն ՀՀ անվտանգություն, եկեք լինենք իրատես»:

Ըստ Ֆարմանյանի, ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական, տնտեսական հարաբերությունները պետք է փայփայել, խորացնել, բայց այլ ակնկալիքներ ունենալ, թե նման կազմակերպությունների բոլոր անդամները պետք է մեր շահերը սպասարկեն, սխալ ակնկալիք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930