Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չհերքեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու գաղափարի առկայությունը, որը հետագայում այնուամենայնիվ կրկին առաջ է քաշվելու. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2018 12:40

Անցյալ տարվա տվյալներով Հայաստան է մուտք գործել մոտ 1 մլրդ 756 մլն դոլար։ Եթե դրա 23 տոկոսը հարկվի, ապա դա կկազմի 403 մլն դոլար։ Դժվար է ասել, թե իրականում որքան գումար կհավաքվի, եւ որքան մարդ կշարունակի բանկային փոխանցումներով ուղարկել իրենց հարազատներին այդ գումարները, բայց ակնհայտ է մի բան, որ այդ գաղափարից Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն հրաժարվում։

Իր երեկվա մամուլի ասուլիսում վարչապետի պաշտոնակատարը նախ հերքեց, որ նման գաղափար կա, ապա ասաց, որ դա ընդամենը գաղափար է, որը ընդամենը քննարկվել է, եւ որ կառավարության ընդունած որոշումը անփոփոխ չի կարող լինել։

Սակայն գլխավոր մտահոգությունը նա ոչ թե հերքեց, այլ փաստորեն հաստատեց՝ հայտարարելով. «Սա դեռ չի նշանակում, որ ով հայտարարագիր ներկայացնի, պետք է հարկվի։ Բազմաթիվ երկրների հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառող օրենք, հիմա  բոլորի հետ ենք ցանկանում ունենալ, որ մեր քաղաքացիները կրկնակի չհարկվեն»։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա ընդամենը անհաջող փորձ է՝ ձերբազատվելու հանրության բացասական արձագանքն առաջացրած նախաձեռնությունից եւ հերթական քարոզչական հնարք, որ վարչապետի պաշտոնակատարը «ժողովրդի» կողմից է եւ թույլ չի տա նման վատ բան տեղի ունենա։

Ինչո՞ւ անհաջող փորձ։ Նախ՝ նա չհերքեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու գաղափարի առկայությունը, որը հետագայում այնուամենայնիվ կրկին առաջ է քաշվելու։

Երկրորդ՝ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց, որ համընդհանուր հայտարարագրում մտցվելու է թեկուզ առանց հարկելու։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու հնարավորությունը ամեն դեպքում ստեղծվելու է, եւ ոչ ոք դրանից չի կարող փախչել։

Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հերքում է միայն մասնավոր փոխանցումների կրկնակի հարկման հնարավորությունը՝ դրանով իսկ հաստատելով, որ դրանք այդուհանդերձ հարկվելու են։ Եթե, օրինակ, Ռուսաստանում բարձր կենսաթոշակ ստացող ՀՀ քաղաքացին գումար է ուղարկում իր հարազատին այստեղ, ապա դա հարկվելու է։ Եթե, օրինակ, գործարքային եւ Ռուսաստանում չգրանցված աշխատանք կատարած ՀՀ քաղաքացին գումար փոխանցի այստեղ, դա հարկվելու է։

Այնպես որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհերքեց, այլեւ հաստատեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու եւ բոլոր քաղաքացիներին հարկելու հնարավորությունը։ Թե ի՞նչ հետեւանքների սա կհանգեցնի, դժվար չէ ենթադրել։

Սա կխթանի արտագաղթը, քանի որ թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի համար եկամուտ է նվազելու։ Փոքր-ինչ ավելի բարենպաստ վիճակում գտնվողները կնախընտրեն իրենց հարազատներին տանել այն երկիր, որտեղ բնակվում եւ աշխատում են։ Իսկ նրանք, ովքեր դա չեն կարող անել, փոխանցումները կկատարեն շրջանցելով բանկերը, որը կվնասի եւ կորուստներ կպատճառի բանկային համակարգին։ Սա կնվազեցնի նաեւ տնտեսական ակտիվությունը, քանի որ կուժեղացնի արտագաղթը եւ կնվազեցնի այն եկամուտները, որոնք արտերկրից Հայաստան գալով՝ ուղղվում են մեր տնտեսություն։

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930