Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը սահմանափակված չէ իր գործառույթների մեջ». (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2018 12:15

Հարցազրույցի առաջին մասը՝ այստեղ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ սպառազինության մրցավազքը լավ բան չէ, դա ավելացնում է վտանգները, որոնք վերաբերելու են մարդկանց կյանքերը խլելուն

– Վստահ եմ՝ ծանոթ եք տարբեր մեկնաբանությունների, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները Հայաստանի կողմից նախաձեռնված գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ գործընթացը չէին համարի ՀԱՊԿ-ի վարկանիշի դեմ ուղղված քայլ, եթե ՀՀ իշխանությունները դա կազմակերպեին այլ ձեւով: Ճշմարտության հատիկներ չկա՞ն այդ քննադատություններում:

– Մեկնաբանությունները կարելի է տանել մի ուղղությամբ, կարելի է տանել նաեւ մեկ այլ ուղղությամբ, որը մենք ենք պնդում, այն է՝ հենց կազմակերպության հեղինակության նկատառումներից ելնելով է, որ մենք անմիջապես նախաձեռնեցինք գործընթաց, որը կտարանջատեր կազմակերպությունը խիստ ներքին իրավական գործընթացից: Մեր քայլի հիմքում նույն՝ կազմակերպության հեղինակության, արդյունավետության խնդիրն էր դրված, երբ Հայաստանը նախաձեռնեց այդ գործընթացը, իսկ Հայաստանի համար առաջնայինը մի կողմից՝ մեր ներքին, իրավական հարցն էր: Սա մեկ, մյուս կողմից՝ կազմակերպության հեղինակությունն է, որը առավել քան որեւէ մեկի համար, մեզ համար խիստ կարեւոր է: Բոլոր վեց պետություններն ունեն տարբեր մարտահրավերներ, եւ այդ նկատառումներից ելնելով ենք միավորվել, որպեսզի աշխատենք հավաքական անվտանգության օրակարգի շուրջ որպես գործընկերներ: Յուրաքանչյուր պետություն ունի տարբեր ձեւով արտահայտված մարտահրավերներ, մենք հավաքական առումով անվտանգություն ենք ապահովում, եւ այդ առումով մենք տարբեր հարցեր կարող ենք առաջ բերել, որոնք վնասում են կազմակերպության հեղինակությանը: Այսինքն՝ ունենք վեցի գործընկերություն անվտանգության օրակարգում այն պարագայում, երբ մենք, օրինակ, ունենք չկարգավորված ԼՂ խնդիր, Հայաստանի անվտանգությանն առնչվող մարտահրավեր: Ի՞նչ գործընթացներ ունենք այս շրջանակում, որոնք ամրապնդում են կամ միգուցե դեմ են մեր անվտանգության օրակարգին: Վստահ եմ, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը՝ զենքի վաճառք, տարբեր ձեւակերպումներ:

– Մի ճշտող հարց. Աստանայում Ադրբեջանին ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներգրավելու հարց քննարկվե՞լ է կուլիսներում կամ գուցե պաշտոնական քննարկումներում:

– ՀԱՊԿ-ը կարգավորվել է իր նորմատիվ փաստաթղթերով հիմքերը՝ դիտորդ կամ գործընկեր ունենալու վերաբերյալ: Էական է, որպեսզի հարց բարձրացնող յուրաքանչյուրը տեսնի, թե ինչպես է ձեւակերպված ընթացակարգը, թե ով եւ ինչպես կարող է կազմակերպությունում լինել դիտորդ կամ գործընկեր: Այնտեղ շատ հստակ գրված է՝ ՀԱՊԿ շրջանակներում դիտորդ կամ գործընկեր կարող են լինել երկրները, որոնք պետք է որոշ պայմանների համապատասխանեն, օրինակ՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան բոլոր վեց անդամ երկրների հետ: Հաջորդը. յուրաքանչյուր հաշվարկ արվում է հետեւյալ տեսանկյունից, թե որքանով է այս կամ այն քայլը մեզ բավարարում, որքանով է մեր ազգային շահին, նպատակներին ու անվտանգությանը համապատասխանում: Առանց դա հաշվի առնելու որեւէ որոշում չի ընդունվելու: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ 6 պետությունների հետ հավասար անդամ է: Հորդորում եմ, որպեսզի առաջին հերթին հաշվի առնվի մեկ բան, որ ՀԱՊԿ-ում աշխատում են վեց հավասար անդամ պետություններ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ բոլորը գործընկերներ են, որոնք չեն կարող հաշվի չառնել մյուսների շահերը: Եթե դավադրությունների թեորիայի մեջ մտադրություն, տեսակետ կա, որ հնարավոր է հարցերն այնպես լուծել, որի արդյունքում մեր շահերը կվնասվեն, մենք չենք կարող դա թույլ տալ, եւ մենք ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

– Հայ-ամերիկյան հարաբերություններին գանք: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների այց տեղի ունեցավ վերջերս՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, եւ ավելի վաղ՝ ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի առումով, պարոն Մնացականյան, հայկական դիվանագիտությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ո՞ր ուղղություններում եք տեսնում, մենք որքա՞ն ենք նախաձեռնողական:

– Հայ-ամերիկյան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության այն ուղղությունն է, սյունն է, որը համալրում է մեր անվտանգության օրակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ պաշտպանական եւ զարգացման: ԱՄՆ-ը կարեւոր դերակատար է, մենք ունենք բավական հարուստ օրակարգ ԱՄՆ-ի հետ անցած 27 տարիների պատմության մեջ: Դուք առանձնացրիք երկու պաշտոնյաների այցերը, սակայն վեց ամիսների ընթացքում մենք այլ առիթներ եւս ունեցել ենք ամերիկացի մեր գործընկերների հետ շփվելու. սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել եմ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ, դեռ մայիսին առաջին հեռախոսազրույցն եմ նրա հետ ունեցել, մայիսին Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Երկխոսությունը շարունակական է, նպատակը զուտ երկխոսությունը չէ, նպատակը երկկողմ օրակարգն է, որը նպաստում է մեր եւ ԱՄՆ-ի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, այնքանով, որքանով դա նպաստում է մեր ազգային շահերին: Ունենք շատ հետաքրքիր օրակարգ, մենք տեսնում ենք հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ խորացնելու հարաբերությունները, որոնք տեղավորվում են մեր համապարփակ քաղաքականության մեջ:

Ջոն Բոլթոնի այցը տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Շեշտեմ, որ նա իր վստահությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանում տեղի ունեցող բոլոր այն գործընթացներին, որոնց շուրջ հասարակության աջակցությունը վայելող, վստահության մանդատ ստացած կառավարությունը կարող է շատ ավելի վստահ եւ համարձակ աշխատել միջազգային իր օրակարգում: Եվ դա ընկալվում է որպես ակնարկ, որ Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա: Չի կարող լինել նման բան, որովհետեւ չի կարող ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունն աշխատել մի ուղղությամբ, որը կարող է վնաս բերել Հայաստանի ազգային շահին: Հանուն ինչի՞ գնալ զիջումների:

Ներկայիս միջազգային օրակարգի պայմաններում մեզ համար չափազանց կարեւոր էր ԱՄՆ-ի հետ երկխոսության այս առիթը, երբ կարողացանք համապարփակ ձեւով արտահայտել եւ ներկայացնել այն տրամաբանությունը, որի շուրջ կառուցված է մեր արտաքին քաղաքականությունը բոլոր հարցերի շուրջ՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում, Իրանի հետ հարաբերություններ, Թուրքիայի հետ հարաբերություններ, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ փոխհարաբերություններ, Մերձավոր Արեւելքին վերաբերող հարցեր եւ այլն: Մեզ համար շատ կարեւոր առիթ էր բացատրել եւ պաշտպանել տրամաբանությունը, որի շուրջ կառուցված է մեր քաղաքականությունը: Կարող եմ ասել, որ բավական հաջողված շփում, երկխոսություն էր. մենք լսում էինք ԱՄՆ-ի մեր գործընկերներին՝ ստուգելով մեր ընկալումները, թե որքանով ենք միմյանց հասկանում: Կարող եմ ասել՝ այո՛, մենք բավարարված ենք, որ կար բացատրելու եւ մեր վարած արտաքին քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը ընկալելի, հասանելի, ընդունելի դարձնելու հնարավորություն:

– Կցանկանայի մեկնաբանեիք Երեւանում Ջոն Բոլթոնի հայտարարությունը՝ ամերիկյան զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունների շուրջ, որն իսկապես աղմկահարույց էր: Այդպես բացահայտ Երեւանում նման առաջարկն ինչպե՞ս եք գնահատում: Հայաստանն առհասարակ դիտարկո՞ւմ է ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունները, թե՞ այս հարցում մենք սահմանափակված ենք, միայն ՌԴ-ի հետ կարող ենք նման գործարքներ կնքել:

– Հայաստանը սահմանափակված չէ իր գործառույթների մեջ, բայց դա չի նշանակում, որ ոչ ոք սահմանափակված չէ այսօր աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուրը հաշվարկում է իր կարողությունները՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Հայաստանը սուվերեն պետություն է, որն իր որոշումներն ընդունում է ողջամիտ ձեւով, այսինքն՝ ինչ կարող ես անել, որը կնպաստի քո պետության շահերին եւ չի ստեղծի մի իրավիճակ, որը կարող է վնասել քո շահերին: Այս մոտեցումը ցանկացած պետության է վերաբերում՝ ներառյալ Հայաստանին: Այսինքն՝ սկզբունքորեն մենք սահմանափակված չենք, կանենք ամեն ինչ, որը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: Երկրորդը՝ մենք ապրում ենք իրական պայմաններում, որտեղ անվտանգության զգայունությունը չափազանց բարձր է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգության օրակարգին առնչվող բոլորը հարցերը: Երրորդը՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կա չլուծված խնդիր, որտեղ կա ագրեսիվության բավական բարձր մակարդակ:

Մենք առաջին իսկ օրվանից հստակ արտահայտել ենք մեր ընկալումը, թե ինչ է ԼՂ հակամարտությունը: Մեզ համար կոնկրետ մարդիկ են, յուրաքանչյուր գործընթաց վերաբերում է անմիջապես մարդկանց կյանքերին՝ սկսած սահմաններում կանգնած մեր զինվորներից մինչեւ Լեռնային Ղարաբաղի 150 000 բնակիչները: Երբ Ստեփանակերտում ես, առավել զգայուն է դառնում այդ ամենը, երբ տեսնում ես բնականոն կյանքով ապրող ազնիվ, պարկեշտ մարդկանց, որոնք իրենց կյանքն են կառուցում, բայց ընդամենը 20 կմ հեռու շփան գիծն է: Սա մարդկանց ու նրանց կյանքերի մասին է, իսկ մենք խոսում ենք այն ժողովրդի անունից, որն առավել զգայուն է անվտանգության հարցում, ապրում է մի իրավիճակում, երբ կա մերժված արդարության խնդիր, նկատի ունեմ Հայոց ցեղասպանությունը:

Այս առումով, սպառազինության մրցավազքը լավ բան չէ: Դա ավելացնում է վտանգները, որոնք ի վերջո, կարող են վերաբերել մարդկանց կյանքերը խլելուն: Սկզբունքորեն մենք դեմ ենք սպառազինության մրցավազքին, բայց միեւնույն ժամանակ, հանկարծ չընկալվի, որ մենք կորցնում ենք մեր վճռականությունը պաշտպան լինելու մեր ժողովուրդներին: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ունեն բավական կարողություն պաշտպանելու, պաշտպանվելու եւ վնաս հասցնելու: Բայց արդյունքը ի՞նչ է: Աղետ: Մենք պաշտպանելո՞ւ ենք… Իհարկե: Բայց մի բան է հանդես գալ հերոսական դիրքերից, ասել՝ այսպիսին է մոտեցումը, այլ բան է՝ ավելի պատասխանատու մոտենալ, որովհետեւ խնդիրը կոնկրետ մարդկանց կյանքերին է վերաբերում: Այսինքն՝ այդ պատասխանատվությունը չշփոթեք վճռականության պակասի հետ: Վճռականության պակաս չի եղել ու չի լինելու, եւ այս ժողովուրդը ցույց է տվել, որ անկախ նրանից, թե ԼՂ-ում կամ Հայաստանում ինչ է կատարվում, այս ժողովուրդներն անմիջապես մոբիլիզացվում են, երբ արտաքին վտանգ է սպառնում. հիշենք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ինչպես մոբիլիզացվեց ժողովուրդը:

Այսինքն՝ մեր կարողություններն առավել քան բավարար են: Բայց այս երկուսի մեջ է համադրումը. մենք վճռական ենք, միեւնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում միայն ու միայն խաղաղ կարգավորմանը՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ որպես միակ արդյունավետ գործող եւ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող հարթակ: Խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելը չափազանց էական է. չի կարող լինել իրավիճակ, երբ ներքին լսարանի համար ասում են՝ «ամբողջ հայությունը թշնամի է», հետո բանակցում են խաղաղության համար, չի կարելի այդպես: Մեզ համար գերակայությունը ԼՂ բնակչության անվտանգությունն է եղել եւ մնում կիզակետում, դրանից բխում է կոնկրետ կարգավիճակի հարցը մեր գերակայություններում: Եվ վերջապես՝ ԼՂ-ի ժողովրդի ձայնը եղել եւ մնում է որպես կենտրոնական հարց:

– ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանին որեւէ ուղղությամբ կաշկանդո՞ւմ են Իրանի հետ հարաբերություններում: Այս առումով փոխըմբռնում կա՞ ամերիկյան վարչակազմի կողմից, որ Իրանի հետ հարաբերությունները մեր երկրի համար կենսական նշանակության են:

– Այո, մենք շատ բաց ու շատ պարզ խոսում ենք դրա մասին, որովհետեւ Հայաստանն Իրանի հետ ունի հստակ ձեւավորված օրակարգ, կարեւոր հարաբերություններ անմիջական հարեւանի հետ: Իրանը գործընկեր է, որը մեր անվտանգության համակարգի շրջանակներում ունի կենսական եւ կարեւոր նշանակություն, մենք սա բացատրելի ենք դարձնում եւ պաշտպանում ենք այն, ինչ վերաբերում է մեր անմիջական շահերին: Վստահորեն կարող եմ ասել, որ այս առումով կա շատ լավ ըմբռնում ամերիկացի մեր գործընկերների կողմից:

Հարցազրույցի ավարտը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930