Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթի օդանավը բախվել է տարօրինակ առարկայի, հաղորդում է «ՌԵՆ ՏՎ»-ն: Թռիչքուղու ստուգման արդյունքում հայտնաբերվել են մարդու մնացորդներ, պարզվել է, որ դա 1993թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Գրիգորի Եփրեմյանի մարմինն է: Մահվանից երկու ժամ առաջ նա ժամանել էր Մադրիդից:
Մարմինն ուսումնասիրելիս քննիչները հայտնաբերել են նրա անունով զինվորական գրքույկ և նոյեմբերի 19-ին Հայաստան վերադառնալու վկայությունը:
Ավելի ուշ պարզվել է, որ նրան օդանավից դուրս են հանել ոստիկանները, քանի որ նա Մադրիդից թռչող օդանավում կռիվ է սկսել, նրա դեմ բողոք է ներկայացվել: Ոստիկանության աշխատակիցները օդանավակայանի D տերմինալից նրան ուղեկցել են ելքի մոտ: Լինելով տարանցիկ չվերթի ուղևոր՝ նա պետք է Մոսկվայից թռչեր Երևան:
Նկարահանող սարքերի տեսագրությունից երևում է, որ տղամարդը ժամը 20:03-ին ոչ թե նստել է ուղևորներին փոխադրող ավտոբուս, այլ վազել է դեպի թռիչքուղի, որտեղ էլ նրան հարվածել է օդանավը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ