Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանդաղաշարժ» կարծրատիպեր

Նոյեմբեր 21,2018 10:00

«Երբ եվրոպացին նրա (այսինքն՝ հայի-Ա. Ա.) դուռը կբախե, նա… անպատճառ կաշխատե իր անվերջ տրտունջներով, իր լացուկոծով ձանձրացնել իր հյուրին… Դարավոր ստրկությունը սովորեցրել է նրան վիզը ծռել ու խնդրել: Նա չի կարող իր դժգոհությունը հայտնել առանց ստորացնելու իր անձնավորությունը: Նա կա՛մ այդպես կվարվե, կա՛մ բոլորովին կլռե, ամեն ինչ թողնելով նախախնամության կամքին»,- մեր ժողովրդի վարքագիծն այսպես է բնութագրում Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսը:

Վեպը գրվել է, ինչպես հայտնի է, ավելի քան 130 տարի առաջ. ասել, թե ոչինչ չի փոխվել, անարդար կլինի: Բայց փոխվել եւ փոխվում է շատ դանդաղ, եթե հաշվի առնենք այն քաղաքական եւ տնտեսական սրընթաց զարգացումները, որոնք նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել Հայաստանում ու տարածաշրջանում՝ ցեղասպանություն, պատերազմներ, հեղափոխություններ, երեք հանրապետություններ եւ այլն: Ժողովրդի մտածողությունն ունի ինչ-որ կարծրատիպեր, որոնք ձեւավորվում են դարերի ընթացքում եւ փոխվում են շատ դանդաղ՝ մեծ ուշացումով, կասեի անգամ՝ մեծ դժվարությամբ արձագանքելով «արտաքին» աշխարհի հարափոփոխ ընթացքին:

Դա վերաբերում է, բնականաբար, ոչ միայն հայ ժողովրդին: Ֆրանսիացիները մեծամասամբ կաթոլիկ են. 18-րդ դարի «լուսավորիչների» եւ վերջիններիս ազդեցության տակ գտնվող հեղափոխականների աթեիզմը մեծ հաշվով չկարողացավ սասանել այդ հիմնական, առանցքային կարծրատիպը: Նույն ֆրանսիացիները դարերով դաստիարակվել էին միապետության ավանդույթներով, հեղափոխականները եկան հանրապետական իդեալներով, այնուհետեւ Նապոլեոնն իրեն «կայսր» հռչակեց, բայց տասնամյակներ տեւող այդ «տուրբուլենտ» վիճակից հետո նրանք կրկին վերադարձան «հին եւ բարի» միապետությանը: Եվ պահանջվեցին դարձյալ դրամատիզմով լի տասնամյակներ՝ մինչեւ որ այդ ժողովուրդն ընդունեց հանրապետության գաղափարները:

Մեր ժողովուրդը նույնպես ունի կարծրատիպեր, որոնք դժվար են «տեղից» շարժվում: Երբ մենք ասում ենք «թագավոր» կամ «թագավոր ախպեր», նկատի չունենք միապետությունը՝ դրա համար պետք էր պետություն ունենալ: «Թագավորը» մեզ համար այն տեղական իշխանն է կամ իշխանիկը, որը պետք է մեզ հովանավորի, կարգավորի մեր կյանքը: Իմ կյանքի օրոք բոլոր «թագավորները», ժողովրդի ընկալմամբ, «չար էին», ժողովրդին «լավ չէին նայում»: Վերջին «վատ թագավորին» գահընկեց արեց «բարի թագավոր» Նիկոլը: Բայց նրա «բարությունը» նույնպես ժամանակավոր է՝ 1-2 տարուց ժողովուրդը ճիշտ նույն ձեւով բողոքելու է ներկայիս վարչապետից:

Հիմա կուսակցությունները գնալու են հանդիպելու ժողովրդի հետ, որը, ենթադրում եմ, իր «անվերջ տրտունջներով, իր լացուկոծով» ձանձրացնելու է հյուրերին: Թե՞ ես սխալվում եմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կարծում եմ՝ լացուկոծի վերաբերյալ այնուամենայնիվ սխալվում եք, բայց դա չէր էականը, այլ այն, որ որ անուղղակիորեն փորձում եք հավասարության նշան դնել Նիկոլի և Սերժիկի հասարակական ընկալման միջև՝ որպես երկրի ղեկավարների։ Դա գրեթե նույն բանն է, եթե անեք հետևյալ պնդումը. ուզում ես ողջ գիտակցական կյանքդ հարմարվող ու ստախոս կարիերիստ եղիր, ուզում ես՝ արդարության համար պայքարող անխոնջ մարտիկ, միևնույնն է, ժողովուրդը ի վերջո քեզ ասելու է՝ քըխ․․․?????????

    • Հ.Շ. says:

      Ոեւէ քաղաքական գործիչ բարոյական չափանիշներով դատելը զուր է, եւ նիւթէն դուրս:

      Երբ որ պետական ղեկավարը ժողովուրդը գոհ պահէ, ժողովուրդը զայն շատ չի քննադատեր, ու բնաւ կարեւոր չէ թէ ինչ տեսակ մարդկային էակ է այդ ղեկավարը: Սակայն ժողովուրդի մի զանգուածային բաժինն ալ անկարելի է որ երբեւիցէ գոհ ըլլայ. յատկապէս եւ ի մասնաւորի հայ ժողովուրդի պարագային:

      Հայաստանի մէջ տիրող ու տիրապետող այդ անծայրածիր ողբին եւ տեւական լացուկոծին, ծայրայեղ ու չափազանցեալ գանգատներուն, յորդառատ անէծքներուն, դրսեցի վկան եմ, մէկ ամիսէն աւելի ամէն տարի, տասնըհինգ տարիներէ ի վեր:

      Այդ վարքագիծը մէկ անգամ ճաշակող նորմալ անձը մէկ անգամ եւս չ’ուզեր ոտքը այդ երկիրը դնել, բացի ինծի պէս էշ, ինքզինք խաբող դասական սփիւռքի հայերէ. որոնք այնքան երկար ժամանակ Մայր Հայրենիք երազեցին, որ չեն կարող ընդունիլ որ դա մնալու է երազ: (Տեսա՞ք, մենք ալ կարող ենք կարգին ողբալ… Կամ ել, տարիների ընթացքին ես սովորել եմ այնտեղից, դարձել մի քիչ հայաստանցի…) 

  2. Nara says:

    Կրթություն,կրթություն և նորից կրթություն …դա է ելքը. Հասարակական գիտության լիակատար բացակայություն դպրոցներից, ինչ բան է պետություն, ինչպես է ձևավորվում պետական բյուդջեն, ինչ բան է կոռուպցիան????…….այնպիսի տպավորություն ունեմ, թէ դա Նիկոլը պետք է անի, մի ծաղկով գարուն չի գալիս ցավոք…..

    • Հ.Շ. says:

      Պարոն Փաշինյանը վատ մարդ չէ, եւ գոնէ իր ցարդ ցուցաբերած կեցուածքի լոյսին տակ՝ ընդհանրապէս լաւ ու բարի միտումներ ունի:

      Սակայն քանի որ այո, մէկ ծիծեռնակով գարուն չի գար, որպէս խելացի անձ, ինք պէտք է որ գիտակցեր այդ իրականութեան, եւ անոր համեմատ խոստումներ տար: Ինքն է որ գեր-գնահատեց իր կարողութիւնները, չդիմադրեց իր շատ զօրեղ եսին, մերժելով լսել այդ ուղղութեամբ բազմաթիւ մինչդեռ ուղղամիտ խորհուրդներ:

      Նաեւ, հակառակ որ յաճախ ինք ասում է թէ ուրիշներ լաւ չեն հասկանում երկրի ու բնակչութեան վիճակը, աւելի՝ իր ունեցած երկրի եւ ժողովուրդի պատկերացումներն են որ չեն համապատասխաներ – դժբախտաբար – կարգ մը իրականութիւններու: Չափազանց տեսական է իր մօտեցումը:

      Նորէն ալ, դեռ գործը չէ վերջացած, նոյնիսկ չէ սկսած, ուրեմն՝ տեսնենք…

  3. Հ.Շ. says:

    Չարի դերին դատապարտուած թագաւորը գլխատելու զուգահեռը՝ նախկին նախագահի բռնի անհետացման հետ, տեղին է:  Սակայն այդ կատարուածին մէջ կարծէք նաեւ կայ հայրասպանութեան ազդակը, որպէս հոգեբանական ծանօթ յղացք: Անոր իմաստներից մին այն է թէ մինչեւ որ իր հայրը – փոխաբերական կերպով – «չսպանէ», զաւակը չի կրնար հասուն մարդ դառնալ: (Մի պահ նոյնիսկ, պոռչտուքներով բաներ մը երգող այդ միւս Սերժը՝ բառացիօրէն «դու մեր հայրը չե՛ս» պատասխանեց նախկին նախագահին, երբ ան դեռ կը ջանար շիկացած կիրքերը մի քիչ հանդարտեցնել: )

    Հիմա, կը մնայ տեսնելը եթէ երկրի ղեկը ձեռք առած ջահելները, իւրայատուկ մեծ եղբօր մը խանդավառ գլխաւորութեամբ, կարող են առանց պապայի՝ Մայր Հայաստանին տէր կանգնիլ, հայոց տունը կարգի պահել: Ինշալլահ խէյր…

  4. Delea says:

    ՆԻԿՈԼԻ ուղին սուրբ է …
    Հայրենիք, այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է։ Պատմականորեն տվյալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնությամբ, բնակչությամբ, հասարակական և պետական կառուցվածքով, լեզվով, մշակույթով, կենցաղով, բարքերով և այլն։
    Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից:Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից:

    Արցախյան պատերազմի մասնակիցները, ովքեր հերոս են եւ ունեն մեդալներ ըստ քանակի, դա նշանակում է թե «հերոսն» քանի անգամ է դավաճանել հայրենիքին:

    Սուրբ է հայրենիքը։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի եւ ոչ թե երազել հերոսի կոչմանը։ Բայց նրան չի կարելի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի:

    Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միայն մի բան. սիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով եւ ոչ թե հերոսի մեդալով քամի ժողովրդին:

    1988 մինչեվ 1994 թթ պայքարել եմ իմ հայրենիքի ազատագրման համար եվ չունեմ ոչ մի մեդալ զգալով այդ չարիքի ուժն հրաժարվել եմ եվ թույլ չեմ տվել այն ստանան մոտ 3000 կամավորներ, որ եղել են ինձ հետ պայքարի:Եղի՛ր քո հայրենիքի զավակը, խորապես զգա՛ քո կապը հարազատ հողի հետ, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից եւ ոչ թե սպասի հերոսի կոչման:
    Քարկոցեք հերոսներին որ չվերադառնան նորից, նրանք են մեր ազգի զարգացման ուղղին փակող վիշաբն ու մինչեւ հիմա կան որոշ մարդիկ որ փորձում են փառաբանել ԼՏՊ-ի,Վազգենի,Ռոբի եւ Սերժի բազմացրած հերոսներին:
    Ահա թե ովքեր են խանգառում Նիկոլին,մենք պետք է լինենք բազուկն ՆԻԿՈԼԻ ու մեր երազած Հայաստանն շուտով կծաղկի ՆԻԿՈԼԻ ուղիով:

    Երկնիր իմ երկիր հավատով անմար,
    Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ…

    Նախկին Մոտո-հրաձգային Գնդի հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930