Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սանկտպետերբուրգյան էսքիզներ

Նոյեմբեր 21,2018 13:00

Աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում հայերը բնակություն են հաստատել հիմնադրումից ի վեր: Նրանք պալատում բարձր դիրք են ունեցել հատկապես Եկատերինա կայսրուհու ժամանակ, ու պատահական չէր, որ 1770 թ. մայիսի 2-ին հայկական համայնքի ղեկավար Հովհաննես Լազարյանի խնդրանքով Եկատերինա Երկրորդը հրաման արձակեց, ըստ որի՝ առևտրական ու զինվորական հայերին թույլատրում էր եկեղեցիներ կառուցել։ Այնուհետեւ եկեղեցու համար տարածք հատկացրեց Նեւայի պողոտայի մոտ, եւ հավատացյալների նվիրատվություններով ու Լազարյանի միջոցներով կառուցվեց Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին:

Ժամանակի ընթացքում ինչ ասես, որ չի ծառայել Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին՝ էլ հակաօդային պաշտպանության շտաբ, էլ թատրոնի դեկորների պատրաստման արհեստանոց: Միայն 1990 թ. Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը խնդրեց իրենց վերադարձնել եկեղեցու շենքը, իսկ 1993 թ. մարտի 14-ին արդեն եկեղեցում կատարվեց առաջին պատարագը: Հայությունը հավաքված է եկեղեցու շուրջը, որին, ինչպես նշեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սանկտ Պետերբուրգի ու Հյուսիս-արևմտյան համայնքի առաջնորդական տեղապահ, Պողոս աբեղա Վարդանյանը, վերադարձվել են բոլոր եկեղեցապատկան շենքերը: Հայկական եկեղեցուն կից գործում են դուդուկահարների, պարի խմբեր, անգամ դասական նվագախումբ:

Նեկայումս էլ տեղի հայերը կարեւոր դերակատարություն ունեն Սանկտ Պետերբուրգում, 2010 թ. համայնքը մեծ հանդիսությամբ նշել է իր 300-ամյակը: Շուրջ 25 000- անոց հայկական համայնքի ղեկավարն է Կարեն Մկրտչյանը: Հենց նրա շնորհիվ էլ վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումի 500 մասնակիցները եկեղեցու հյուրատանը ոչ միայն վայելեցին հայկական հյուրընկալությունը, այլեւ մեր ազգային երգն ու պարը, դուդուկի հնչյունները:

Հայկական համայնքը Սանկտ Պետերբուրգում, ըստ տեղի հայերի, համախմբված է: Նրանք շատ զգայուն են Հայաստանում տեղի ունեցող անցուդարձի եւ ՀՀ արտաքին մարտահրավերների հանդեպ: Սանկտ Պետերբուրգի հայերը Ռուսաստանում հարգանք վայելող քաղաքացիներ են:

Հայկական սուրբ Կատարինե եկեղեցին

Պետրոս Առաջինի արձանը

Գեղեցիկ քաղաք Սանկտ Պետերբուրգը հպարտանալու շատ բան ունի, զբոսաշրջիկներն այն հիմնականում կապում են չքնաղ պալատների, ջրանցքների, Էրմիտաժի, լուսավոր գիշերների եւ բացվող կամուրջների հետ: Բոլորը մեկ առ մեկ ներկայացնելու կարիք էլ չկա: Կարելի է միայն ընդգծել, որ հինն այստեղ պահպանել են, անգամ նորի մեջ էլ որոշակի «հին» են ներդրել, օրինակ, ամենաայցելված «Գալերիա» առեւտրաժամանցային կենտրոնում վիրտուալ Էրմիտաժն է, որի բացումն անձամբ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կատարեց:
Զբոսաշրջիկների սիրելի վայրն է նաեւ «Մանսարդա» ռեստորանը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Իսաակեւյան տաճար եւ հին քաղաք: Այն տեղակայված է Quattro Corti գործարար կենտրոնի վերջին հարկում: 150 տարի առաջ Պոչտամտյան նրբանցքում գտնվող այս շենքում ապրել է կոմս Շուվալովը: Փաստորեն, մարդիկ ոչ թե ջնջել են հինը, այլ նոր շունչ են տվել նշյալ շենքին:

Սանկտ Պետերբուրգում մարդիկ բարեհամբույր են, ոչ չոր, ինչպես Մոսկվայում: Թանգարաններում, գրախանութներում, խանութներում, փողոցում, ամենուր կարող են սիրով ու ժպիտով պատասխանել հարցերիդ: Թերեւս ինձ հանդիպած ամենաանբարեհամբույր մարդը Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի տոմսավաճառն էր, երբ աշխարհը բաժանեց իր խոսքով՝ «Ռուսաստանի եւ այլնի»: Բարեբախտաբար, ավելի ուշ զղջաց ասածի համար: Այս թանգարանը 400 000 ցուցանմուշ է ամփոփում, այդ թվում՝ Այվազովսկու, Վրուբելի, Մալեւիչի…


Միխայիլ Պիոտրովսկին՝ վիրտուալ Էրմիտաժի բացման ժամանակ:

Պետրոպավլովյան ամրոցը նույնպես տպավորիչ է, սակայն ապշեցնողն այն էր, որ պատմական ցուցանմուշների կողքին տեղ էր գտել «Կոմսոմոլը կա» մակագրությամբ պաստառ, իսկ թանգարանում դա բացատրեցին նրանով, որ տարին հոբելյանական է իրենց կոմերիտմության համար:

Ամրոցի տարածքում Պետրոս Մեծի արձանն է, որի մոտ չինացի զբոսաշրջիկները, չգիտես ինչու, խոնարհվում էին: Արձանի հեղինակ Միխայիլ Շեմյակինն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ նման քանդակ ստեղծելու գաղափարը պատկանում է իր ընկեր Վլադիմիր Վիսոցկուն: Պետրոս Մեծի այս քանդակն իր անսովոր տեսքի պատճառով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նրա ձեռքերն արդեն փայլում են, քանի որ զբոսաշրջիկները հպվում են ճաղատ կայսեր ձեռքերին, որպեսզի ըստ հավատալիքի՝ իրականանան իրենց երազանքները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ- Երեւան

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ»

20.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930