Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոնսերվատորիայում բոլորը նույն արյան խումբն ունեն»

Նոյեմբեր 21,2018 12:30

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն ու պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը՝ բուհում փոփոխությունների ու ծրագրերի մասին

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի առաջին գործը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո եղել է չորս օր շարունակ բուհի ուսանողների հետ հանդիպումը, այնուհետեւ երկու օր նրանց հետ թեյախմություն-քննարկումները, որին մասնակցել են նաեւ այլ բուհերի ուսանողներ եւ ԿԳ նախարարը:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Հովհաննիսյանը նախ ժպտալով ասաց, «մենք՝ երաժիշտներս, այս դեպքում՝ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, նույն արյան խումբն ունենք», հետո էլ հավելեց. «Կոնսերվատորիան հրաշալի աշխատակազմ ունի: Այդուհանդերձ, ակնկալելով ձեզ հետաքրքրող հարցերից մեկը, ասեմ, որ, այո, համակարգային փոփոխություններ կլինեն, որոնք զուտ մասնագիտական ոլորտի հարցեր են: Եվ քանի որ, ի վերջո, բուհի պատկերը ուսանողն է, կարեւոր եմ համարում նրանց հետ հանդիպումներս: Ցանկություն ունեմ ուսանողների հետ հաղորդակցությունը շարունակել ընթացիկ ներբուհական ինտերնետային փակ քննարկումների տեսքով, քանի որ հանդիպումների ժամանակ ուսանողները կոնկրետ առաջարկել են որոշ խնդիրների արդյունավետ լուծումներ, որոնք, ըստ իս, իրատեսական են»: Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զուգահեռ ուսումնասիրվում է միջազգային փորձը. «Անկեղծ ասած՝ կան որոշ կարծրատիպեր: Շարունակելով մեր կոնսերվատորիայի տասնամյակների լավագույն ավանդույթները, փորձելու ենք ազատվել դրանցից, գտնել հետագա զարգացմանն ուղղված նյութական եւ ոչ նյութական ռեսուրսներ: Նպատակներիցս գուցե գլխավորն է, որ դիմորդը ի՜նչ էնտուզիազմով, երազանքներով ու ձգտումներով ուսանող է դառնում, նույն էնտուզիազմը նրան շարունակի ուղեկցել ուսման տարիներին եւ ավարտելուց հետո: Իսկ դրան հասնելու համար, հավատացնում եմ՝ անհրաժեշտ են հանգիստ, խաղաղ փոփոխություններ, որոնք չեն լինի կոսմետիկ, այլ կրեն խորքային եւ բովանդակային բնույթ»:

Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բուհում ընթանում է աուդիտ, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որից հետո հնարավոր փոփոխությունները կքննարկվեն դասախոսական կազմի հետ:

Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի առաջին կադրային փոփոխությունը գիտական գծով նոր պրոռեկտորի նշանակումն է: Այդ պաշտոնը կվարի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը: Նրանից հետաքրքրվեցինք հանրությանը իսկապես տարիներ շարունակ հուզող հարցի մասին՝ տպավորություն է, թե կոնսերվատորիայում բոլորը պրոֆեսոր են: «Եթե խոսքը պրոֆեսորի պաշտոն զբաղեցնող անձանց է վերաբերում, ապա շատ նորմալ է, որ բուհում դասավանդողները զբաղեցնեն պրոֆեսորի պաշտոն եւ կոչվեն պրոֆեսոր: Հարցի մյուս կողմը, որը հավանաբար հուզում է հանրությանը, այն է, որ ընդհանրապես կոչումները արժեզրկվել են, ինչպես վաստակավոր, ժողովրդական, գիտությունների թեկնածու, դոկտոր, ակադեմիկոս… Կոչում ձեռք բերելու մոլուցքը բերել է այնպիսի իրավիճակի, որ շատ արժանի ու վաստակ ունեցող մտավորականներ՝ դասախոսներ, գիտնականներ, ձուլվել են այդ միջակությունների խառնարանին եւ նրանց ներդրումն իրապես չի ստանում արժանի գնահատական ու, ինչու ոչ՝ կոչում»,- պատասխանեց պրոռեկտորը: Ռեպլիկին՝ հանրությանը քիչ են հայտնի գիտնական-երաժշտագետների անուններ, տիկին Մովսիսյանն ասաց. «Այդպես կտրուկ չէի պնդի այդ միտքը: Սա այն ասպարեզը չէ, կարծում եմ՝ նրա իրական մշակներին պարտադիր չէ, որ ճանաչի լայն հանրությունը: Սակայն համամիտ եմ, որ երաժշտագետների թողած ժառանգությունը երաժշտության պատմության, տեսության, ֆոլկլորագիտության, կատարողական արվեստի, միջնադարագիտության ասպարեզում համակարգվի, պահպանվի ու գնահատվի երաժշտական հանրության շրջանում, շարունակվի ու զարգանա հետագա սերունդների գործուն մասնակցությամբ: Անուններ ունեցել ենք՝ սկսած Կոմիտասից, հետո՝ Քրիստափոր Քուշնարյան, Արշակ Ադամյան, Ռոբերտ Աթայան, Գեորգի Տիգրանով, Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան, Էդուարդ Փաշինյան… մեր օրերում՝ Սվետլանա Սարգսյան, Կարինե Ջաղացպանյան, Մարգարիտ Ռուխկյան, Աննա Արեւշատյան, Մհեր Նավոյան եւ շատ ուրիշ արժանի հետազոտողներ: Կան վաղուց հրատարակված հիմնարար աշխատություններ, որոնք անհրաժեշտ է թվայնացնել կամ վերահրատարակել, կան կյանքից հեռացած գիտնականների անտիպ արխիվային նյութեր, ինչպես նաեւ երիտասարդ հետազոտողների ուսումնասիրություններ, որոնք նույնպես անհրաժեշտ է հրատարակել»: Իսկ թե այսօր երիտասարդների շրջանում դեպի երաժշտագիտություն «թեքվելու» ցանկություն կա՞, տիկին Մովսիսյանը պատասխանեց. «Գուցե ոչ այնքան շատ են ցանկացողները, որքան խորհրդային շրջանում, սակայն երաժշտագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներ այսօր էլ կան, ինչը ապրելու, դասավանդելու, ստեղծագործելու հույս է ներշնչում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

20.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930