Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների Ծրագիրի քննարկման շրջանակներում հանդիպեց դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերներից է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին, և կառավարությունը հանձնառու է ընդլայնելու ու ամրապնդելու այդ փոխգործակցությունը: Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց ԵԽ փորձագիտական ու մասնագիտական կարողությունների ներդրումը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում: Նա ընդգծեց ԵԽ գործողությունների ծրագրի թիրախային ներգրավվածության անհրաժեշտությունը Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում։
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:
Նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների հետ մտքեր փոխանակեց Եվրոպայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակի ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք արդի հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ