Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը փոխվելու է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ընտրություններից հետո, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, 17 նախարար չենք ունենալու, այլ՝ ավելի քիչ. «Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածով, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, դա արդեն հսկայական կադրային փոփոխություններ են: Այդ նոր նախարարությունները, որոնք մնալու են, այսինքն՝ ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու: Եվ այդպիսով, նախարարների նաեւ գործառույթային իմաստով փոփոխություններ են տեղի ունենալու, որովհետեւ ընդլայնվելու է նախարարների պատասխանատվության շրջանակը»:
Փաշինյանն ասաց, որ պետք է կառավարության գործունեությունը գնահատենք ըստ առաջադրված խնդիրների.«Այս փուլում Հանրապետության հրապարակից մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մենք ունեինք հրապարակած հստակ ճանապարհային քարտեզ: Եվ այդ ճանապարհային քարտեզը լիարժեքորեն ի կատար է ածված: Մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքական թիմը, կամ քաղաքական գործիչը լիարժեք, 100%-ով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ եկեք ուսումնասիրենք այս ընթացքում տեղի ունեցած ցանկացած քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական հեղափոխության փորձ. «Դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից հետո 6 ամիս մենք ունենք ոչ միայն այսպիսի մակրոտնտեսական եւ քաղաքական, հանրային կայունություն, ինչպիսին ունենք Հայաստանի հանրապետությունում: Այսինքն, դրանք խնդիրներ են, չէ՞: Երբ այդ կայունությունը կա, ոչ ոք դա չի ընկալում հարց, որը լուծվել է»:
Փաշինյանը նկատեց՝ այդ կայունությունն ապահովել է հանրությունն իր ձեւավորած կառավարությունով:
Այն որ կառավարությունն իր պարտավորությունը կատարել է 100 տոկոսով, ինչպես Փաշինյանն ասաց, չի նշանակում, որ ինքը կառավարության աշխատանք անթերի է համարում. «Սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների աշխատանքից: Սա չի նշանակում, որ ես գոհ եմ ինքս իմ աշխատանքից: Ես, ընդհանրապես, իմ կյանքի որեւէ փուլում իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել եւ չեմ լինելու»:
Փաշինյանը հիշեցրեց տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի ասած փետրվարի 31 արտահայտությունը, եւ նկատեց, որեւէ չպետք է կասկածի, որ այդ նախարարը չգիտի՝ փետրվարի 31 չկա. «Ասենք գիտեն էդ մարդու կրթությունը, ինչով է զբաղվել: Հայաստանի ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ