Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորցի վարորդները շարունակում են դժգոհել վատ ճանապարհներից եւ ոչ միայն

Նոյեմբեր 20,2018 21:50

Վանաձորում պատշաճ եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով հրատապ լուծում պահանջող խնդիրների քննարկման համար այսօր «Վանաձորի վարորդների ակումբի» անդամները հանդիպեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Նրանք ներկայացրեցին իրենց հուզող ու անհանգստացնող խնդիրները: Վարորդների համար առաջնայինը անորակ ասֆալտապատումն ու քաղաքում առկա բազմաթիվ փոսերն են, ինչի հետեւանքով յուրաքանչյուր ամիս բավականին մեծ գումարներ են ծախսում մեքենան վերանորոգելու համար. «2010 թվականից վարում եմ մեքենա:

Այն ժամանակ ցածր մեքենա էի վարում եւ մեր ճանապարհներն այսքան վատ չէր: Ջրմուղկոյուղու աշխատանքների պատճառով մեր փողոցներն ահավոր վիճակ դարձան, եւ չվերականգնեցին: Նույնիսկ Տիգրան Մեծ պողոտայում էլ կան փոսեր, որ դրանք շրջանցելու համար վթարային իրավիճակ է ստեղծվում…Աշխատավարձով ապրող ընտանիք ենք: Ես իմ մեքենայի վրա ամսական մինչեւ 80.000 դրամ ծախս եմ անում: Դա մեր ընտանիքի համար բավականին մեծ գումար է: Իմ խնդրանքը նա է, որ ճանապարհները, եթե պետք է սարքվեն, իսկապես լավ սարքվեն, եւ այդ փոսերից էլ խուսափենք: Այս իրավիճակում շատ բարդ է վարելը»,- ասում է վարորդ Աննա Չիլինգարյանը:

Մարզի ղեկավարն էլ տեղեկացրեց, որ ասֆալտապատում իրականացնող ընկերություններից մեկի հետ պայմանագիրը խզված է, իսկ նոր մրցույթը կհայտարարվի արդեն մյուս տարի, եւ գարնանը կվերսկսվեն աշխատանքները. «Ճանապարհների ասֆալտապատումն ու վերանորոգման այս ձեւն անընդունելի է: Այն ընկերությունը, որը որ շահել է մրցույթը չունի ո՛չ համապատասխան տեխնիկա, ո՛չ մարդկային ռեսուրս, ո՛չ մասնագետ: Իրենք ուզում են անեն, բայց հնարավորություն չունեն անելու: Հավանաբար, առաջին անգամ ասֆալտապատման ծրագիր են շահել»:

Վանաձորում առաջնային խնդիրների շարքում է նաեւ ճանապարհային նշանների բացակայությունն ու այն, որ Վանաձորը միակ քաղաքն է, որը դեռեւս չի անցել շրջանաձեւ երթեւեկության. «Մարդիկ ուզում են կանոնով վարեն, բայց այդ նշանը չկա, որ իրենք կանոնով վարեն: Այսինքն, մեղադրում ենք վարորդներին, որ իրենք սխալներ են թույլ տալիս եւ այլն, ՃՈ-ն չի տուգանում, բայց իրականում ՃՈ-ն իրավունք էլ չունի տուգանելու մի մարդու, որն անցել է մի տեղով, որտեղ արգելող նշան չկա: ՃՈ աշխատակիցների մոտ էլ նկատել ենք այն սկզբունքը, որ այսօր մարդիկ չեն ուզում վատամարդ լինել:

Իրենք չունեն այն բոնուսային համակարգը, եւ դրա համար օրենքի դաշտում են աշխատում, եւ դա ստիպել է, որ վատամարդ չլինեն, եւ շատ դեպքերում աչք են փակում որոշ խնդիրների վրա : Եվ տուժում են խեղճերը: Ում զգում են, որ արժե՝ տուգանում են, ում չէ՝ չէ: Ընտրողական վերաբերմունքը պետք է չլինի, որովհետեւ օրենքի առաջ բոլորը հավասար են: Եվ դա բերում է այն վիճակին, որ որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս ինչ ուզեն, ոնց ու որտեղ ուզեն անեն: Իսկ շրջանաձեւ երթեւեկության մասին կասեմ, որ շրջանը գլխավոր դարձնելը դարձել է այսպես ասաց «հայոց հարցը»: Երեւանում եւ այլ քաղաքներում սովոր են, որ շրջանը գլխավոր է, եւ երբ գալիս են այստեղ խնդիր է առաջանում»,-ասում է ակումբի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը:

Ներկա վարորդները տեղեկացրեցին, որ վերջին 10 օրվա ընթացքում մարզկենտրոնում մեծացել է վթարների ու վրաերթերի թիվը՝ մահվան ելքով: Նրանք նշում են, որ բացի այն, որ շատ վարորդներ վարում են երթեւեկության կանոնները խախտելով, շատ հետիոտներ էլ խախտում են իրենց համար նախատեսված կանոնները: Վարորդներն առաջարկեցին, որպեսզի դպրոցներում իրականացվեն ճանապարհային երթեւեկությանը նվիրված ուսուցողական դասընթացներ, հայտնելով իրենց աջակցությունը. «Հետիոտների խնդիրը եւս ակտուալ է: Մարդիկ դեռ սովոր չեն կարմիր լույսի տակ կանգնելու: Ես դրան որպես լուծում գտնում եմ ուսուցողական եւ ծանոթացնող ցուցանակների տեղադրումը: Նաեւ դպրոցներում ճանապարհային երթեւեկության կանոնների ներդրումը: Եվ, եթե մենք կարող ենք օգտակար լինել, մենք կամավոր սկզբունքով դպրոցներում դասընթացներ կվարենք»,- ասաց ակումբի ղեկավարը:

Գեւորգ Վարդանյանն էլ, ով արդեն 6 տարի է ապրում է Շահումյան համայնքում, դժգոհում է գյուղ մտնող ճանապարհի անմխիթար վիճակից: Համայնքը Վանաձորին կից է, սակայն գյուղ մտնող կամ գյուղից դուրս եկող ոչ մի ցուցանակ չկա, ինչը վարորդների համար խնդիրներ է առաջացնում. «Վերջին շրջանում 2 անգամ բերեցին ինչ-որ քարքարոտ հող լցրեցին, որը անձրեւը գալիս, լվանում ու տանում է: Գոնե մյուս տարվա բյուջեով որոշակի հատված ասֆալտապատվի: Քաղաքին մոտ գյուղ է, եւ զբոսաշրջության ռեսուրսի տեսակետից էլ շատ հարուստ է, բայց ճանապարհը շատ վատն է: Բացի այն, որ ճանապարհ չունենք, նաեւ երբ դուրս ենք գալիս գլխավոր մայրուղի, ոչ մի նշան չկա: Դառնում ենք «կամիկաձե», աջ ու ձախ պետք է նայենք, մեկ էլ տեսնում ես, որ մեքենան եկավ: Այդտեղ գոնե մի հատ հայելի տեղադրվի, որ տեսնեն մեքենա կա, թե ոչ»:

Այս եւ քննարկված մի շարք հարցերի մասով Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց գրավոր ներկայացնել, որպեսզի հետագայում միասին քննարկեն, ապա դիմեն համապատասխան կառույցներին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930