Փաշինյանի ղեկավարած կառավարության ամենամեծ ձեռքբերումներից մեկը տնտեսական ոլորտում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, Հայաստանում ակտիվ ներդրումներն են: Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մյուս ձեռքբերումներն, ըստ Փաշինյանի, Հայաստանում մենաշնորհների վերացումն է, կոռուպցիայի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն իր ղեկավար կառավարության լուրջ աշխատանքը եւ ամենամեծ ձեռքբերումը համարում է նաեւ ստվերի դեմ պայքարը։
Հանքարդյունաբերությունն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կարելի է ձախողում համարել։ Փաշինյանը նշեց Թեղուտի խնդիրը, որն առաջացել է դեռ նախորդ կառավարության ժամանակ:
«Ամենամեծ ձախողումն ու պրոբլեմը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ իրականացվող մեր քաղաքականությունը որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ հուսով է այս ոլորտն էլ շուտով կվերականգնվի:
Փաշինյանն ասաց, որ մի շարք խոշոր ներդրումների հետ կապված քննություն է ընթանում, խոսքը նաեւ օտարերկրյա ներդրումների մասին է. «Եվ այդ ներդրումների հետ կապված մեր գործողությունները որոշակի անհանգստություն, լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում. ե՛ւ Եվրոպայում, ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ Միացյալ նահանգներում, Կանադայում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային ֆոնը… այդ զգացողությունը չլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին, Փաշինյանն ասաց. «Միջազգային փորձաքննություն իրականացնողներն ասում են՝ այն հարցադրումները, որ մենք անում ենք՝ լեգիտիմ են: Դուք գիտեք, որ Ամուլսարի գործով քրեական գործ է հարուցված, սակայն այս գործում ամենակարեւոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը, ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանը ստանանք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանը նաեւ ասաց, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններն ընդունելուց հետո սոցիալական հսկայական ու դրական ազդեցություն է լինելու: Փաշինյանը, որպես օրինակ բերեց միկրոբիզնեսին հարկերից ազատելը:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ եկամտահարկի իջեցման մասին նախագծին:
ԱԺ-ում եկող տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունն ԱԺ է ներկայացնելու նախագիծ, որով եկամտահարկի շեմը նվազելու է, արդյունքում աշխատավարձերը բարձրանալու են: Ըստ Փաշինյանի, լինելու է աշխատավարձի հարկման 23 տոկոսանոց շեմ:
Ի պատասխան եկամտահարկի շեմի իջեցման մասին հարցի, Փաշինյանն ասաց, որ աշխատողների 35 տոկոսն այն կատեգորիայում է, որ եկամտահարկի իջեցումից իրենց աշխատավարձը բարձրանալու է:
Փաշինյանն ասաց, որ գնում են այդ ճանապարհով, քանի որ, այսպես ասած՝ կա վարկած, որ Հայաստանում կան ստվերային աշխատավարձեր: Ասենք՝ հաշվապահությունում փաստաթղթերով գրված է 80 հազար դրամ, սակայն իրականում տվյալ աշխատողը ստանում է 200 հազար դրամ.«Նման իրավիճակներում շահագրգռվածություն չկա, որ իրական աշխատավարձը ցույց տան: Շահութահարկը ցածր է եւ գործատուն այն հավելյալ աշխատավարձը, որ «սեւով» տալիս է աշխատակցին, ներկայացնում է որպես շահույթ եւ կանխիկ տալիս է աշխատողին: Մենք շահագրգռում ենք մարդկանց, որ իրական աշխատավարձերը գրանցեն: Սրանից հետո մենք կքննարկեք, թե ինչպես աջակցենք 80 հազար ստացող մարդկանց: Մենք հայտարարել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20%: Ասում եք Հայաստանում 2 մլն-ից ավել ստացողների թիվը հասնում է 2000, մենք մեր քաղաքականությամբ ուզում ենք այնպես անել, որ շատ լինի նրանց թիվը: Մենք աշխատանքն ենք խրախուսելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ