Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Քաղաքացիական հասարակության օրակարգը ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ խորագրով հանրային քննարկումների շարքում» կազմակերպված «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով քննարկմանն անընդունելի համարեց այն, որ երբ հարց է առաջանում քրեակատարողական հիմնարկներին ֆինանսավորում տրամադրելուն, կարծիքներ են հնչում, թե ավելի լավ է այդ գումարներն ուղղորդել մանկատներ, բանակ:
Նա հայտարարեց. «Պետք չէ անտեսել քրեակատարողական ոլորտը: Այդ դեպքում մենք, ըստ էության, նպաստում ենք, որ հանցագործություններն ավելի շատանան: Առայժմ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկները հանցագործներին կրթելու յուրատեսակ հաստատություններ են դարձել: Եթե անձը պատահական հայտնվի այնտեղ, բոլոր հմտություններին սկսելու է տիրապետել. դառնալու է այդ ենթամշակույթի կրողը»:
Անդրադառնալով վերջին փոփոխություններին՝ Ռոբերտ Ռևազյանն ասաց. «Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կարծես սկսում է գործել, թեև դրա հետ կապված խնդիրներ դեռ շատ ունենք: Առաջիկայում մենք գերբնակեցում ընդհանրապես չպետք է ունենանք»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահությանը. «Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճ կա: Հանրային վստահության աստիճանն ավելի ցածր է դատախազության պարագայում: Հետհեղափոխական շրջանում մի շարք բաներ եղան, որոնք իրավապահների նկատմամբ՝ հանրային վստահության աստիճանի վրա դրական կամ բացասական ազդեցին: Այդպիսի երևույթներ էին կոռուպցիոն բացահայտումերը: Օրինակ՝ ներքին կոռուպցիոն բացահայտումները կարևոր ազդակ են, ինչը նշանակում է, որ համակարգը ցույց է տալիս, որ ուզում են առողջանալ: Օրինակ՝ ոստիկանությունում նման բաներ եղան, բայց ԱԱԾ-ում նման երևույթի ականատես չենք եղել»:
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց՝ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք՝ ոստիկանական պետության տրամաբանությունը ո′չ գնահատել ենք, ո′չ դատապարտել, ո′չ մերժել ենք: Նա մանրամասնեց. «Դա թողնվել է հանգիստ՝ փորձելով բան ստեղծել: Երբ ժամանակն եկավ, դա շատ հանգիստ օրենքով, Սահմանադրությամբ թափ տվեցին և վերաձևեցին: Սահմանադրությամբ դա հենց այն է, որ ցարական ՌԴ-ում եղել է:
Փաստորեն, հիմա մենք հանգիստ ՌԴ-ից ընդօրինակել ենք և շարունակում ենք: Եթե մենք չկարողանանք այս անցումը կատարել՝ դա մերժելով և դրա դեմ որոշակի իրավական և պրակտիկ քայլեր ու միջոցներ ձեռնարկելով օրենսդրության մեջ, ապա մենք կունենանք մի իրավիճակ, երբ մեր բոլորի օքեյով մի կառույց, որը չունի դրա՝ ժողովրդավարական հասարակարգում տեղը՝ ԿԳԲ-ն, կստանձնի պարտավորություններ, որոնք իրեն չեն վերաբերում: Եթե մենք այդ անցումը չանենք, մենք մեծագույն մեղք կկատարենք հեղափոխության հանդեպ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը փաստեց՝ ոչ նախկին սահմանադրությունները, ոչ էլ, առավել ևս, այս մեկը չապահովեցին իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքը: Այն մարմինները, որոնց մասին խոսում ենք, գործադիր իշխանության կիրառող գործիքներ են և ամեն մի գործիք պետք է ենթակա լինի վերահսկողության»:
Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ մենք չունենք վկաների պաշտպանության ինստիտուտ, նույնիսկ անվտանգության միջոցների մեխանիզմը չունենք, թեև օրենքով սահմանված է: Ըստ Արթուր Սաքունցի՝ պետք է իրականացվեն սահմանադրական լուրջ փոփոխություններ, որպեսզի լինեն երաշխիքներ իշխանությունների տարանջատումն ապահովելու համար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, թե հեղափոխությունից հետո քրեակատարողական հիմնարկների կառավարող անձնակազմը թեթևացած է. «Երևանի ընտրությունների ժամանակ, երբ թաղային հեղինակությունները քաղաքական պատվեր չեն ստացել, դա ազդակ է եղել, որ քրեակատարողական հիմնարկների ներսում այդ մարդիկ անգործության մատնվեն և նրանց կանոնները չաշխատեն: Բայց իրավական ռեալ մեխանիզմ կիրառելու անհրաժեշտություն կա. ունենք խնդիր համաձայն որի՝ պետք է ուժեղացվի իրավական սխեման:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի