Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել իրավիճակ, երբ ներքին լսարանի համար ասում են՝ «ամբողջ հայությունը թշնամի է», հետո՝ բանակցում են խաղաղության համար». Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 20,2018 22:30

«Մեզ համար գերակայությունը ԼՂ-ի բնակչության անվտանգությունը եղել եւ մնում է կիզակետում, դրանից բխում է կոնկրետ՝ կարգավիճակի հարցը մեր գերակայություններում», ընդգծում է  Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը

«Սպառազինության մրցավազքը լավ բան չէ: Դա ավելացնում է վտանգները, որոնք ի վերջո, կարող են վերաբերել մարդկանց կյանքերը խլելուն: Սկզբունքորեն մենք դեմ ենք սպառազինության մրցավազքին, բայց միեւնույն ժամանակ, հանկարծ չընկալվի, որ մենք կորցնում ենք մեր վճռականությունը պաշտպան լինելու մեր ժողովուրդներին: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ունեն բավական կարողություն պաշտպանելու, պաշտպանվելու եւ վնաս հասցնելու: Բայց արդյունքը ի՞նչ է: Աղետ: Մենք պաշտպանելո՞ւ ենք… Իհարկե: Բայց մի բան է հանդես գալ հերոսական դիրքերից ասել՝ այսպիսին է մոտեցումը, այլ բան է՝ ավելի պատասխանատու մոտենալ, որովհետեւ խնդիրը կոնկրետ մարդկանց կյանքերին է վերաբերում: Այսինքն, այդ պատասխանատվությունը չշփոթեք վճռականության պակասի հետ: Վճռականության պակաս չի եղել ու չի լինելու, եւ այս ժողովուրդը ցույց է տվել, որ անկախ նրանից թե ԼՂ-ում կամ Հայաստանում ինչ է կատարվում, այս ժողովուրդներն անմիջապես մոբիլիզացվում են, երբ արտաքին վտանգ է սպառնում. հիշենք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես մոբիլիզացվեց ժողովուրդը», «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հավելեց. «Մեր կարողություններն առավել քան բավարար են: Բայց այս երկուսի մեջ է համադրումը. մենք վճռական ենք, միեւնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում միայն ու միայն խաղաղ կարգավորմանը՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպես միակ արդյունավետ գործող եւ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող հարթակ: Խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելը չափազանց էական է. չի կարող լինել իրավիճակ, երբ ներքին լսարանի համար ասում են՝ «ամբողջ հայությունը թշնամի է», հետո՝ բանակցում են խաղաղության համար, չի կարելի այդպես: Մեզ համար գերակայությունը ԼՂ-ի բնակչության անվտանգությունը եղել եւ մնում է կիզակետում, դրանից բխում է կոնկրետ՝ կարգավիճակի հարցը մեր գերակայություններում: Եվ վերջապես՝ ԼՂ-ի ժողովրդի ձայնը եղել եւ մնում է որպես կենտրոնական հարց»:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ բացառիկ հարցազրույցը՝ կարդացեք նոյեմբերի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930