Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ Նիկոլը կդառնա վարչապետ, կասկած չունենք, ամբողջ հարցն այն է, թե դառնալուց հետո ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը». Ռուբեն Մեհրաբյան

Նոյեմբեր 20,2018 19:07

«Արդեն ամեն ինչ էլ պարզ է, որոշված, թե ինչ է լինելու դեկտեմբեի 9-ին: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է լինում դրանից հետո, դա է կանխորոշելու մեր պետության հետագա զարգացումը»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ առանձնապես մեծ կանխագուշակություններ պետք չի անել պարզելու, որ «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տանելու և ձևավորելու սահմանադրական մեծամասնություն. «Նոր ԱԺ-ում ձևավորվելու է սահմանադրական մեծամասնություն, որը հենվելու է սահմանադրական մեծամասնության վրա: Ստանալու է ամենալայն ու ամենաամուր լեգիտիմ մանդատը ՀՀ քաղաքացիներից իր հետագա գործունեությունը ծավալելու համար: Մնացած հարցերը սպորտային  հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ մնացած քաղաքական ուժերը կարող են, եթե իրատեսության դաշտում նայենք, հետապնդել մեկ խնդիր՝ դաշինքների դեպքում յոթ, կուսակցության դեպքում ՝ հինգ տոկոսի խնդիրը հետապնդելը: Ներկա իրավիճակում ավել բանի հավակնել չեն կարող»:

Դառնալով «Նիկոլ վարչապետ» կարգախոսին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Պարզ է, որ Նիկոլը կդառնա վարչապետ, կասկած չունենք, ամբողջ հարցն այն է, թե դառնալուց հետո ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է անելու տնտեսական դաշտում, ի՞նչ է անելու արտաքին քաղաքականության ուղղությամբ, ի՞նչ է անելու պետական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ոլորտների և ենթաոլորտների բարեփոխումներն ինչպե՞ս են ընթանալու և ի՞նչ կոնցեպցիայի հիման վրա են ընթանալու»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի «Սասնա ծռերի» մասնակցությունը ընտրություններին՝ Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «11 ուժերից մեկն է. կմասնակցի, մարդիկ կլինեն, որոնք ձայն կտան, ինչքան կտան, կտան»:

Խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Չեմ կարծում, որ համամասնական համակարգով ՀՀԿ-ն ի վիճակի կլինի հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը: Իմ սուբյեկտիվ տպավորությամբ տեսնում եմ, որ երկրորդ ուժ դառնալու ամենամեծ շանսերն ունի ԲՀԿ-ն»:

Դառնալով ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումներին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում ՀԱՊԿ-ում, ցույց է տալիս մի  բան, որ այդտեղ չկա ո′չ հավաքականություն, ո′չ անվտանգություն, ո′չ պայմանագիր, ո′չ կազմակերպություն: Դա մի ծերացող բռնապետերի ակումբ է, ընդորում արդեն դեմենցիայի շրջափուլում գտնվող բռնապետերի՝ տարբեր աստիճանի ծանրության, և մենք տեսնում ենք, որ այս կազմակերպության մեջ չեն հարգվում նույնիսկ ջենտլմենական պայմանավորվածությունները: Ժամանակային քվոտան տրված էր Հայաստանին, ոչ թե Խաչատուրովին, բայց մեր՝ այսպես կոչված դաշնակիցները դրանից փորձեցին դարձնել մի հայոց հարց: Ես նաև տեղյակ եմ այն խոսակցություններին, թե ահա պետք էր սկզբից հետ կանչել Խաչատուրովին, որ այս խնդիրները չառաջանային: Բայց, միևնույն է, այդ խնդիրներն առաջանալու էին, քանի որ այսպես կոչված դաշնակիցներն առիթ են ման գալիս Հայաստանին՝ իր տեղը ցույց տալու համար, քանի որ ՀԱՊԿ կոչված գազանանոցում Հայաստանը ուղղակի սպիտակ ագռավ է: Այդ ցմահ բռնապետերի ակումբում հեղափոխության առաջնորդը, բնական է, որ պետք է լիներ սպիտակ ագռավ»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ՀՀ-ն չպետք է ակտիվ քայլեր անի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, բայց մյուս կողմից ՀՀ-ն այլևս իրեն՝ ոտքը կապված չպետք է զգա այս կամ այն քայլն անելու, քայլ, որը կբխի բացառապես ՀՀ անվտանգության շահերից: Ամփոփելով Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «ՀԱՊԿ-ը, մեծ հավով, ռազմական դաշինք էլ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «բայց մյուս կողմից ՀՀ-ն այլևս իրեն՝ ոտքը կապված չպետք է զգա այս կամ այն քայլն անելու »
    ……………………………………………………..
    դուք այդտեղ շատ էք սիրում այս քալելու, քայլ առնելու խորիմա՜ստ պատկերը…

    խնդիրը այն է որ, քայլ առնելու համար, նախ եւ առաջ պէտք է ոտքի կանգնած լինել…

    իսկ թէ ձեր ՀՀ-ին ոտքը կապված է թէ չէ կապուած, տարբերութիւն չընէր, երբ որ ան հիմնականօրէն ծնկաչոք է, չասելու համար գետինը պարկած

    լայն հատուած մը կայ որ իրոք delusional է, այդտեղի բնիկներուն մէջ

  2. Հայկազ Պետրոսեան says:

    Չգիտեմ այնքան բացասական մտածող Հ.Շ.ն ինչու է կարծում, Հայաստանը ծնկաչոք է կամ էլ պառկած վիճակում: Մէկ բան ակնյայտ է, Եթէ նախկինում Հայաստանը յարգուած էր ՀԱՊԿի մօտ, որովհետև իրենց դիմաց ոչ թէ յեղափոխականի կերպար գոյութիւն ունէր, այլ համակերպուածութեան: Այսօր պատկերը այլ է, բռնապետերը չեն ախորժում յեղափոխական յակում ունեցող երկրին: Հէնց այսպէս էլ մեկնաբանում է Ռուբէն Մէհրաբեանը: Փաշինեանը ուզում է օրէնքի սահմաններում հաւասարէ հաւասար մէկ սեղանի շուրջ նստել ոչ թէ պառկած վիճակում ներկայանալ միւսների մօտ: Եթէ գրպանը լիքը լինելը պէտք է սպառնալիք լինի Հայաստանի նման գրպանը դատարկ երկրի համար, ուրեմն այսօր գրպանը լիքը ՀՀկն նոյնիսկ սպառնալիք է Փաշինեանի յեղափոխութեան համար: Մինչև երբ պէտք է խեղճացած հոգեբանութեամբ ապրել: Հասկանալի է, որ արտաքին աշխարհին ներկայանալու համար նուրբ քաղաքականութիւն է պէտք, թող այս ուղղութեամբ օգնել քաղաքական քիչ փորձառութիւն ունեցող Փաշինեանին, ոչ թէ շարունակ հարուածել: Առայժմս այսքանն ունենք: Ապագան շատ հեռու չէ թող փորձեն ամենակարողին ղեկավար նշանակեն եթէ (Չեմ ուզում կասկածել) կամք կայ Հայաստանը ոտքի կանգնեցնելու: Այլապէս շատ հեշտ է հեռու նստել և քարկոծել: Կարծում էք ՀՀԿի ղեկավարները ունէին քաղաքական փորձառութիւն: Նրանք պարզապէս համակերպւող էին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930