Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դադարեցնել այդ խոսակցությունները ու շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք դրսում աշխատում և գումար են ուղարկում». Վահագն Խաչատրյան

Նոյեմբեր 20,2018 17:23

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այն բացատրությունները, որոնք վերաբերում էին նրան, որ արտագնա աշխատողների ուղարկած գումարները չեն հարկվի, ամբողջական չէին, քանի որ տարբեր պաշտոնյաներ տարբեր մեկնաբանություններ էին տալիս, մինչև վերջ համոզվածություն չկա, որ այս խնդիրը հիմա չկա օրակարգում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Վահագն Խաչատրյանը նշեց, որ ծախսերի համատարած հայտարարագրումը վիճելի չէ տնտեսագետների շրջանում. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ երկրում, որտեղ յուրաքանչյուրն ունի պարտավորություն երկրի նկատմամբ: Ի վերջո, ժողովրդավարական երկրների կարևորագույն տարրը քաղաքացի-պետություն հարաբերություններում հենց հարկերն են»:

Վահագն Խաչատրյանի համար զարմանալի է, թե ինչ պատճառներից, հիմնավորումներից ելնելով է այդ հարցը դարձել օրակարգային. «Այսօր ՀՀ օրակարգում նման հարց լինել չի կարող: Խոսում ենք ռեզիդենտների մասին, ՀՀ այն քաղաքացիների մասին, որոնք 183 օրից ավելի են Հայաստանում լինում: Երբ նման նուրբ հարցի ենք անդրադառնում, առավել ևս, որ ՀՀ-ում արտագնա աշխատանքի մեկնածների կամ դրսում ապրողների գումարների մասին է խոսքը: Դրանք ահռելի գումարներ են՝ մեկ միլիարդ 765 միլիոն՝ նախորդ տարի: Սա միայն պաշտոնական, որոնք եկել են բանկային ճանապարհով: Դրա ազդեցությունը մեր կյանքում նկարագրելն էլ է շատ դժվար: Այդ գումարները գալիս են ուղիղ, նպատակային հասցեների, այստեղ չկա պետություն կամ որևէ ԾԻԳ կամ կազմակերպություն, որ այդ գումարներից կարող է կաշառքներ վերցնել: Դրանք մեր տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն են թողնում: Մտածել այս գումարների հարկման մասին ու դրա մասին հիմա խոսել, չգիտեմ՝ ում գաղափարն է եղել, ինչ նպատակ է հետապնդում: Հակառակը՝ հարկային եկամուտները չեն ավելանա հարկման դեպքում, քանի որ բոլորս էլ հիշում ենք, երբ նախկինում այս բանկային փոխանցումները չկային, մի ահռելի ստվերային շուկա էր: Հիմա սա քաղաքակիրթ ձևով է արվում, պետական մասնակցություն չկա»:

Վահագն Խաչատրյանը նշեց, թե հատուկ է սրում հարցը, որ այդ հարցն այլևս չշարունակվի. «Իրականում այս խոսակցությունն իմաստ չունի վաղը, մյուս օրը շարունակելու: Դա պետք է դադարեցնել ու շատ շնորհակալ լինել այն մարկանց, որոնք դրսում աշխատում և գումար են ուղարկում: Պետք է մտածել մի բան, թե ինչ անել, որ այստեղի ապրողներս ավելի քիչ կարիք ունենանք այդ գումարների և գումար վաստակենք, այստեղից ուղարկենք»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ այս աժիոտաժը նրանից առաջացավ, որ եղան տարբեր մեկնաբանություններ: Նա հորդորեց տարբերակել երկու հասկացություն՝ հայտարարագրում և հարկում. «Օրինակ՝ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման դեպքում տարբերակում են ըստ քաղաքացիության և ըստ ռեզիդենտության: Հայաստանում հիբրիդային մոտեցում է կիրառվում: Պետք է տարբերակենք նաև եկամուտ և տրանսֆերտ: Ներկայիս գործող օրենսդրությամբ, եթե աշխատանքի գնում են մինչև 180 օր ժամկետով, աշխատում են ՌԴ-ում, ներկայիս օրենսդրությամբ պիտի հայտարարագրվեն և համապատասխան եկամտային հարկով հարկվեն: Մեր օրենսդրությունն այս պահին պարտադրում է, որ պետք է հարկվի, չկա մեխանիզմ դրանք իրագործելու: Ոչ մի իշխանություն այդ քայլին չի գնա ու չի հարկի: Չեմ համարում, որ իրականում դա տեղի կունենա, ուղղակի դարձավ նաև քաղաքական շահարկումների առիթ»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը փաստեց՝ սա նոր բան չէ՝ 2015-ի վերջին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եկամտահարկի և շահութահարկի փոփոխությունների նախագծեր էր առաջարկել: Այս առիթով տնտեսագետը մանրամասնեց. «Խոսքը հիմնականում ՌԴ-ում որպես գործակալ գրանցված շինարարական ընկերություններին էր վերաբերում, որոնք աշխատուժի կազմակերպված արտահանում ՌԴ պետք է կազմակերպեին: Հնարավորություն էր տրվում ՀՀ-ում վճարվող եկամտահարկը 13 տոկոս՝ 14-ի փոխարեն և շահութահարկ՝ հինգ տոկոս: Հետաքրքիր առաջարկ էր, բայց ՌԴ-ն ընդհանրապես չարձագանքեց: Դա ՌԴ շահերին հակասող որոշում կարող էր լինել»:

Ըստ Ատոմ Մարգարյանի, եթե միտք չկա հարկելու, ինչպես հայտարարվում է, ապա ինչու են տարբեր պաշտոնյաներ տարբեր դիտանկյուններից հարցին մոտենում. «Դա անփորձության հետևանք է: Սա մեթոդաբանական խնդիր է, որը լավ կլինի՝ պաշտոնյաները քննարկեն, հետո հանրային հայտարարություններ անեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930