Լրահոս
Օրվա լրահոսը

Արագընթաց ճանապարհը Դավթաշենի Մելքումով թաղամասի բնակիչների համար դարձել է մղձավանջ

Նոյեմբեր 20,2018 17:16

Այս օրերին լայն թափով ընթանում են Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարական աշխատանքները: Այն համարվում է կարեւոր ճանապարհ, որը բեռնաթափելու է ավտոտրանսպորտային հոսքը քաղաքի կենտրոնում՝ քաղաքի մի շարք թաղամասեր իրար կապելով շրջանցող արագընթաց ճանապարհներով: Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ, եթե եղանակային պայմանները թույլ տան, այն տարեվերջին կհանձնվի շահագործման:

Ճանապարհը սակայն մղձավանջ է դարձել Դավթաշենի Մելքումով թաղամասի բնակիչների համար: Ինչպես Aravot.am-ին ուղղված նամակում նշում են այս հասցեի բնակիչները, իրենք «դարձել են մահապարտ», քանի որ տանից դուրս գալիս հայտնվում են ուղիղ արագընթաց ճանապարհին եւ չգիտեն ինչպես այն հատեն՝տրանսպորտից օգտվելու, խանութ, աշխատանքի, դպրոց գնալու, կենցաղային ամենատարբեր հարցեր լուծել համար:


Բնակիչները բաց նամակով դիմում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ այդ հատվածում գոնե լուսացույց կամ հետիոտնային անցում տեղադրելու պահանջով: Մարդիկ ստիպված են ճանապարհը հատել արգելապատնեշի վրայով՝ վտանգելով իրենց կյանքը:

«Ճանապարհը նախագծողներին որեւէ կերպ չի հետաքրքրել հարցը՝ ինչպես են թաղամասի բնակիչները պահպանելու կապը արտաքին աշխարհի հետ, եթե նախատեսված չի, որ բնակիչները կարող են հատել ճանապարհը ոտքով ու դուրս գալ 16-րդ թաղամաս: Թաղամասը գտնվում է Դավիթաշենի ու 16-րդ թաղամասի մեջտեղում: Դուրս ես գալիս տանից ու դիմացդ արագընթաց ճանապարհ է ու պարզ չի՝ ինչպես այն պետք է հաղթահարել: Արդյունքում արդեն տեւական ժամանակ է՝ մենք ունենք ընտրություն՝ «մահապարտի» նման կամայական հատել ճանապարհը արագ ընթացող մեքենաների դիմացով, հետո հաղթահարել բարձր բորդյուրներ, հետո էլի արագընթաց ճանապարհ, հետո էլի բորդյուրներ, հետո նորից ճանապարհ, ու միայն դրանից հետո, եթե ոչինչ չպատահի, դուրս գալ 16-րդ թաղամաս: Ու սա մի կերպ հնարավոր է, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում»,-ճանապարհի պատճառով առաջացած իրենց դժվարությունները նկարագրում են բնակիչները: Նրանց խոսքով, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում, մեքենաների հոսքն այդքան մեծ չէ, սակայն, երբ ամբողջությամբ շահագործվի, վտանգը կա, ողջ ճանապարհի երկայնքով ընդամենը մեկ վերգետնյա անցում է նախատեսված.  «Պարզ չէ՝ այն ինչ տրամաբանությամբ են կառուցել: Այն կառուցված է թաղամասի վերջնամասում, ու դրանից կարող են օգտվել ապրողների միայն մի փոքր հատված: Իսկ ինչո՞ւ պետք է Մելքումով թաղամասի բնակիչները կտրեն մի քանի հարյուր մետր ճանապարհ՝ փողոց անցնելու համար: Ընդ որում, այդ վերգետնյա անցումը չի էլ գործում, ու պարզ չէ՝ էլ ինչ անակնկալներ են սպասվում»:


Բնակիչների խոսքով, իրենք այդ առիթով մի քանի անգամ բողոքել են: Ի պատասխան, քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ճարտարագետ Վարդան Կարապետյանը հայտարարել է, թե դա կխախտի ճանապարհի արագընթաց լինելու նպատակը:


«Մեղմ ասած՝ ասաց համակերպվեք՝ոնց ուզում եք: Այսինքն՝ կարեւոր չէ, որ այն խախտում է մեծաթիվ քաղաքացիների իրավունքներ, մեծաթիվ անհարմարություններ ու վտանգներ ստեղծում նրանց կյանքի համար, կարեւորը գովազդելն է, որ լավ բան են անում, խոշոր ճանապարհային նախագիծ է, հիմա թող մի քանիսն էլ մեքենայի տա՞կ ընկնեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր ճարտարագետը, եթե իր երեխան ամեն օր այդ ճանապարհն անցներ, ինչպես մոտակա դպրոց շտապող երեխաներն են ստիպված անում՝ մշտապես լարված պահելով իրենց ծնողներին ու հարազատներին: Առնվազն տրամաբանական չէ՝ ինչու չի քննարկվում առավել ադեկվատ տեղում վերգետնյա անցում կառուցելու տարբերակը: Ինչո՞ւ մեծաթիվ մարդիկ պետք է տանջվեն սխալ նախագծված ծրագրի ու քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի պատճառով»:

Aravot.am-ը բնակիչների բողոքի առնչությամբ Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչպիսի լուծումներ են նախատեսում, որպեսզի մարդկանց կյանքին սպառնացող վտանգը վերանա: Ի պատասխան,վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանն ասաց, որ մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում այդ հատվածում կբացվի վերգետնյա անցումը: Իսկ ողջ ճանապարհը շահագործման կհանձնվի դեկտեմբերի 10-ին:

Պարոն Կատվալյանը նաեւ ասաց, որ ներկայումս էլ այդ հատվածում, քիչ այն կողմ, կա ստորգետնյա անցում, որը սակայն ճիշտ է աշխատանքների փուլում է, բայց մարդիկ արդեն օգտվում են: Այն, նույնպես, պաշտոնապես կբացվի ճանապարհի հետ, դեկտեմբերի 10-ին: Ինչ վերաբերում է լուսացույց կամ հետիոտնային անցում տեղադրելուն, ապա պարոն Կատվալյանն ասաց, որ ճանապարհն արագընթաց է եւ այդտեղ չի նախատեսվում նման կահավորանք:

Բնակիչները քաղաքապետին կոչ են անում իրենց խնդիրը լուծել: Նրանք, դիմելով քաղաքապետին, ասում են՝ պարոն Մարության, ձեզանից է կախված՝ Մելքումով թաղամասի բնակիչները ուրախությամբ, թե բողոքի ցույցերով կդիմավորեն ձեզ ճանապարհի բացման արարողության ժամանակ:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930