«Փաստինֆո»-ի տեղեկությունը՝ Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը, ըստ համայնքի ղեկավար Գնել Մաթեւոսյանի՝ իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային:
«Այդ աղջիկն այսօր եկել էր մոտս (խմբ. նկատի ունի ութ ամսական երեխայի մորը), նրա մոտ էլ մի քիչ տարօրինակություններ կան: Ծեծ կամ որ մի բան լիներ, մեզ կկանչեին, կասեին՝ եկեք, նայեք, ոնց տենց բան կլինի: Էդ ընտանիքը շատ խառը ընտանիք է, նորմալ ընտանիք չէ, վատ ժողովուրդ են: Մայր, տղա, ամբողջ օրը վիճաբանում են, մի օր սկեսուրն է գալիս հարսից բողոքում, մի օր հարսը՝ սկեսուրից: Էսօր հարսն եկել էր մոտս, տնից էր բողոքում, ասացի՝ դե գնացեք, հարմարվեք, առանձին ապրեք, ասաց՝ հա, գնանք տուն ճարենք: Նորմալ տեսք ուներ, բռնության հետքեր չկային: Էդ երեխան էլ նոր են ունեցել, նոր է մեզ մոտ հարս եկել: Ամուսինը տարին մի հատ կին է բերում, միշտ տեսնում ենք: Մեկին թողեց, ուրիշին է բերում: Մի քանի կին է արդեն փոխել»,-Aravot.am-ին ասաց Գնել Մելքոնյանը:
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ դեպքով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննություն է սկսվել, դեպքի մասին մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ