Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորում է իր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական փոխհարաբերությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չխառնել ՀԱՊԿ-ի շրջանակներում միջպետական հարաբերություններին: Այսօր խորհրդարանում լրագրողները պարոն Մելքումյանից հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանը չի՞ պատրաստվում միջամտել Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճին՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված անհամաձայնություններին հօգուտ Հայաստանի լուծումներ տալու համար: Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները տրամաբանական լուծում կգտնեն դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստին:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լուկաշենկո-Նիկոլ Փաշինյան- Նուրսուլթան Նազարբաեւ եռակողմ փակ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մանրամասներ էին հայտնի դարձել հանդիպման մասին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ինքը պատասխան է պահանջելու Ալեքսանդր Լուկաշենկոյից եւ Նուրսուլթան Նազարբաեւից: Դրան հետեւեց Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի կոշտ պատասխանը այն մասին, որ Հայաստանի հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն միջազգային դատախազի տեղ է դրել:
Լրագրողները Միքայել Մելքումյանին նաեւ ներքաղաքական իրադարձությունների եւ առաջիկա քարոզարշավի մասին հարցեր ուղղեցին: ԱԺ փոխնախագահն ասաց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է խորհրդարանական քարոզարշավին եւ հանդիպումները ոչ միայն դահլիճային են լինելու, այլ նաեւ հրապարակային: «Դա մեզ չի սպառնում, հանգիստ եղեք»,- Aravot.am-ի հարցին՝ կարողանալո՞ւ եք նախկինի նման հրապարակներ լցնել, պատասխանեց Միքայել Մելքումյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ