Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը: Կարծում եմ՝ այն շատ լավ առիթ է յուրաքանչյուրիս համար՝ ցուցադրելու մեր միասնականությունն ու համախմբումը ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ լրացուցիչ միջոցների ներգրավումն անուրանալի դեր ունի Հայաստանի և Արցախի զարգացման գործում։ Ուստի հորդորում եմ բոլորիդ, այս տարի ևս ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին:
Այս առթիվ իմ նախորդ գրառումներում նշել էի, որ սպասեք լավ լուրերի։ Եվ ահա՝ խոստումս սպասել չի տալիս. այս փուլում, սփյուռքահայ մեր եղբայրների հետ պայմանավորվածության համաձայն, Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի։
Բացի դրանից, բարերար Վլադիմիր Ավագյանցի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ տեղերում առկա շենքերի կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո մանկապարտեզներ կբացվեն նաև Մարտունու շրջանի Խնուշինակ և Հերհեր համայնքներում, իսկ Կարմիր շուկայի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը հիմնովին կվերանորոգվի։
Պարոն Ավագյանցի հետ պայմանավորվել ենք նաև Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքներում կառուցել նոր մարզադահլիճներ (ֆիթնես ակումբներ)՝ հագեցած ժամանակակից մարզագույքով։ Իսկ Ստեփանակերտում ավելի քան 2000 մ² տարածքի վրա կկառուցվի խոշոր մարզական համալիր, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ավարտման փուլում է։
Այսպիսով, մեր երեխաների համար ստեղծվելու են հավելյալ պայմաններ անհոգ և ուրախ մանկություն ունենալու ճանապարհին։ Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը յուրաքանչյուրիս խնդիրն է, և այս գիտակցումով պետք է հետևողական կերպով շարունակենք նախանշված բոլոր ծրագրերը։
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ