Հայաստանի և Բելառուսի ջանքերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար նշանակելու կադրային հարցը վերածվել է դիտարժան մենամարտի: Քաղաքական ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է դուրս եկել հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանին: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակը մրցանակից ավելի արժեքավոր է և ավելի կարևոր, քան ՀԱՊԿ կերպարը, գրում է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը:
Գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար վճռական մարտի վերջին պատրաստություններն ավարտվում են. մրցակիցները որոշված են, ակտիվ պարապում են և լրատվամիջոցներով հարձակվում են միմյանց վրա: Երևակայական ռինգ Հայաստանը և Բելառուսը կմտնեն դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում: Այնտեղ տեղի կունենա ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը, և ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները որոշել են առիթից օգտվել հաղթողին որոշելու համար:
Սոլովյովը հիշեցնում է, որ 2017թ. գարնանից գլխավոր քարտուղար էր աշխատում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Սակայն 2018թ. մայիսին Հայաստանում իշխանությունը փոխվեց. փողոցային ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստիպեց վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և զբաղեցրեց նրա տեղը: Համարյա անմիջապես Հայաստանի նոր ղեկավարությունը վերսկսեց 2008թ. մարտին բողոքի ցույցերը ցրելու քննությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ այդ ժամանակ Երևանում կոպիտ կերպով ճնշեցին ընդդիմության ցույցերը, որոնց ընթացքում բողոքում էին Սերժ Սարգսյանին նախագահ ընտրելու դեմ, զոհվեցին մարդիկ: Ցույցերին մասնակցող Նիկոլ Փաշինյանին 2010թ. դատապարտեցին 7 տարվա ազատագրման (2011 թվականին կիրառվեց համաներում): Ցույցը ցրելու ժամանակ Երևանի կայազորը ղեկավարում էր Յուրի Խաչատուրովը: Այս տարվա հուլիսին նրան մեղադրանք առաջադրվեց «իշխանությունը բռնազավթելու» համար՝ կապված տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդ հիմքով Հայաստանը վաղաժամկետ հետ կանչեց Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարի պաշտոնը ենթադրում է ռոտացիա՝ ըստ ռուսական այբուբենի, շարունակում է Սոլովյովը: Սակայն դաշինքի կանոնադրությամբ սահմանված չէ, թե ինչ պետք է անել գլխավոր քարտուղարի վաղաժամկետ պաշտոնից հեռացման դեպքում: Սկսեցին վեճեր: Երևանը պնդում է, որ պաշտոնը կրկին պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ Յուրի Խաչատուրովը աշխատել է նախատեսված երեք տարիների միայն կեսը: Դրա հետ ոչ բոլորն են համաձայն, հատկապես Մինսկը, որը պնդում է, որ հիմա Բելառուսի հերթն է:
Վերջին ամիսներին պայքարը գնում էր «գորգի տակ»: Ինչ-որ պահի որոշվեց վերջակետ դնել Աստանայում նոյեմբերի 8-ին անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում: Սակայն այդ փուլում հաղթող չճանաչվեց. Ղազախստանի մայրաքաղաքում հավաքված «վեցնյակի» ղեկավարները չկարողացան պայմանավորվել: Աստանայի հանդիպումից անմիջապես հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հարցը վերջնականապես կլուծվի Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին: Նա նաև հանդես եկավ որպես թեկնածուներից մեկի հովանավոր՝ հայտարարելով. «Մեզ պետք է նորմալ գործող գլխավոր քարտուղար, հաջորդը՝ բելառուսական կողմից», մեջբերում է հոդվածագիրը:
Աստանայից վերադառնալով՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը նախկինում մեկ անգամ չէ, որ հանդես է եկել տարբեր քաշային կարգերից մրցակիցների դեմ, վեճը դուրս բերեց հրապարակային հարթություն: Դա արեց ասուլիսների լավագույն ավանդույթներով, որոնք անում են մասնագետ-բռնցքամարտիկները մրցամարտից առաջ՝ փորձելով ավելի ուժեղ բորբոքել մրցակցին: ՀԱՊԿ իրավիճակի մասին Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ոչ թե ինչ-որ մեկին, այլ Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովին, մի երկրի, որը նախ չի մտնում դաշինքի մեջ, և երկրորդ՝ բաց պայքարում է Հայաստանի հետ, գրում է Սոլովյովը:
«Նրանք գլխավորում են մեր տնտեսական միությունը (Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում) և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այդպիսի անցումային վիճակում: Կհաղթահարի՞ արդյոք Հայաստանը: Եթե Նիկոլը որոշի և պատասխան տա, այդ ժամանակ մենք որոշում կկայացնենք»,- տեղեկացրել է Բելառուսի առաջնորդը Ադրբեջանի դեսպանին նոյեմբերի 12-ին:
Հայաստանում ինչպես նախատեսվում էր, չզսպեցին վիրավորանքը, գրում է Սոլովյովը: Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ալեքսանդր Լուկաշենկոյի վարքագիծն անվանեց «ոչ կոռեկտ», իսկ նոյեմբերի 17-ին դաշինքի իր դաշնակցին հակահարված տվեց հենց Նիկոլ Փաշինյանը. «Ես, անշուշտ, բացատրություններ կպահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություններով հանդես է եկել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը փակ դռների հետևում անցկացված նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի սպասվող նշանակման մասին»:
Մինսկը հաճույքով գնաց սրացման, շարունակում է Սոլովյովը: «Երևում է, Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է երևակայել, որը լիազորված է դատել կամ ներել: Հավանաբար, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները կիրառելի չեն մեծ քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ ժամանակի հետ դա կանցնի»,- հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անատոլի Գլազը նոյեմբերի 18-ին:
Այսպիսի սիրալիր խոսքերի փոխանակումից հետո Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ գագաթնաժողովին երաշխավորված է մեծ ուշադրությունը, իսկ բուքմեյքերական ընկերությունների համար իսկական ժամանակն է խաղադրույքներ ընդունել՝ փորձառու պանչեր Լուկաշենկոյի և միայն կես տարի առաջ Երևանի Հանրապետության հրապարակից ուղիղ մեծ քաղաքականություն քայլ արած Փաշինյանի մենամարտի արդյունքի վրա:
Երկուսի համար էլ հաղթանակի արժեքն այժմ ավելի բարձր է, քան մրցանակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հիմնականում տեխնիկական բնույթի է, քանի որ կազմակերպությունում բոլոր սկզբունքային հարցերը լուծվում են «վեցնյակի» պետությունների առաջնորդների կողմից: Սակայն քաղաքականության մեջ, հատկապես միջազգային քաղաքականության, մանրուքներ չկան, իսկ խորհրդանիշներն ու փիառը հաճախ ավելի շատ գիտեն, քան իրականությունը: ՀԱՊԿ ներքին պայքարի ներկայի սրացումը հենց այդ դեպքն է:
Զիջելուն անսովոր Ալեքսանդր Լուկաշենկոն ունի իր տրամաբանությունը: Նախ՝ նա արդեն ունի պատրաստի թեկնածու՝ Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը: Երկրորդ, և դա հստակ հետևում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության խիստ հայտարարությունից, պարտվել այնպիսի մրցակցի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, Ալեքսանդր Լուկաշենկոն իր համար վիրավորական է համարում: Համարյա քառորդ դարի իր նախագահության ընթացքում նա Բելառուսում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչները որևէ հնարավորություն չունենան ստանալ իշխանությունը, հատկապես փողոցի օգնությամբ, գրում է Սոլովյովը:
Բելառուսի առաջնորդը բարձր լիգայում հնաբնակ է և սովոր է ինքը սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել նաև նրա ռուս, ղազախ և տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է. նա չի ստեղծել սրբազան իշխանական բուրգ, չունի ապարատային պայքարի և իշխանության պահպանման փորձ, անգամ դեռ չի հաղթել որևէ ընտրություն, իսկ եթե հաղթի, դեռ պետք է տեսնել՝ ինչ տոկոսով: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում է ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, արդար կամարտահայտման, ժողովրդի կամքի մասին և դեռ հանդես է գալիս փողոցային ցույցերում: Հետևաբար, նա չի կարող չսթափեցնել: ՀԱՊԿ անվամբ ակումբում նա ընդունվում է եթե ոչ որպես մրցակից, ապա հաստատ ոչ համախոհ: Բացի այդ, մի անգամ նա բոլորին անհարմար կացության մեջ է դրել՝ գլխավոր քարտուղարի փոփոխման այս պատմությունը ստեղծելով. Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը նրանց կողմից ընդունվեց որպես ամբողջ կազմակերպության կերպարին հասցված հարված, նշում է հոդվածագիրը:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն ունի իր սեփական շահը: Նա կցանկանար դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգից Երևան տանել գլխավոր քարտուղարի տիտղոսը, քանի որ արդեն դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Հաղթանակը (դրանում քչերն են կասկածում) կազատի Նիկոլ Փաշինյանին «ժամանակավոր պաշտոնակատար» անձանցից և թույլ կտա ստանալ իրական իշխանություն: Սակայն եթե դեկտեմբերի 6-ին գլխավոր քարտուղարի պաշտոնը հասնի Բելառուսին, Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները կփորձեն քվեարկությունից առաջ օգտվել այս բացթողումից և հետագայում երկար ժամանակ այդ մասին նրան կհիշեցնեն:
Եթե նա ավելի վաղ զիջեր, հիմա բոլորն այդ մասին մոռացած կլինեին: Սակայն նա գնաց սկզբունքի հետևից և այնպես արեց, որ ՀԱՊԿ թեման դարձավ հիմնականներից մեկը ոչ միայն Հայաստանի ներսում: Զիջումը հիմա կդիտարկվի որպես թուլություն. կասեն, քշեցին: ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանի գործընկերների շրջանում թուլությունը հարգանք չի վայելում, և թույլը նրանց համար իրենցը չի դառնա, կարծում է Սոլովյովը:
Ուստի Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանին հաջողություն է պետք: Վատագույն դեպքում՝ ոչ ոքի, ինչպես Աստանայում: Վերջին իրավիճակը բավականին հավանական է: Այդ դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը կարող է այդ պաշտոնին մնալ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում: Այդ ընթացքում բոլոր վիրավորանքները կմոռացվեն, և պաշտոնը հանգիստ կարող է զբաղեցնել Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածուն: Դա, սակայն, չի նվազեցնում Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Բելառուսի առաջնորդների հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը, եզրափակում է Սոլովյովը:
ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ