Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.amկայքին, այլև մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում:
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այս առնչությամբ գրում է ՖԲ էջում. «Թե մամուլի ասուլիսում, թե հայտարարության մեջ, թե տարբեր հարցազրույցներում ինձ ուղղած հարցին, թե ինչո՞ւ հատկապես Yerevan.Today-ում խուզարկություն արեցին, տվել եմ գրեթե նույն պատասխանը՝ սկսել են մեզանից, ու եթե չստանան համարժեք արձագանք մեր գործընկերներից ու արդյունքում մարսեն դա, կանցնեն մյուսներին։
6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն և պահանջել տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը։ Խոսքն ասուլիսի մասին էր, որի ժամանակ բանախոսի սեղանին բազմաթիվ միկրոֆոններ կային տասնյակ լրատվամիջոցների։ Մի քիչ գրագետ ոստիկանությունը կհասկանար, որ դա Aysor-ի հետ հարցազրույց չէ, իսկ տեսանյութերը լցրած են Youtube-ում։
Եվ ուրեմն ինչո՞ւ են այցելել խմբագրություն։
Գործընկերներ, սա ահազանգ է ․․․ Պատրաստվեք»: