Երևանի մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը երկար տարիներ թատերական ոլորտում առկա հիմնախնդիրներից էր, որը մշտապես գտնվել է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում:
Այս ընթացքում նախարարությունը թատրոնի տնօրինությանը ներկայացրել է մի քանի առաջարկ՝ նոր տարածքների և թատրոնի մշտական տեղակայման վերաբերյալ, սակայն մինչ օրս խնդիրը ցանկալի հանգուցալուծում չէր ստացել:
Հետամուտ լինելով խնդրի լուծմանը, ս. թ. նոյեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու տնօրեն Արամ Խոջոյանին ներկայացրեց թատրոնի տեղակայման ևս մեկ տարբերակ /տարածք/: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում/, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:
Հանդիպման ընթացքում շրջայց կատարվեց եռահարկ շենքում, քննարկվեց թատրոնը նշված վայրում տեղակայելու հնարավորության հարցը: Թատրոնի ղեկավարությունը մեծ գոհունակությամբ ընդունեց նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ շենքը որպես թատրոնի գործունեության նոր հասցե դիտարկելու առաջարկը:
Նախարարի պաշտոնակատարը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ նախարարությունը սահմանված կարգով կդիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն