«Վտանգավոր է այն փաստը, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը շատ փոքր է: Բացի այդ, գործող ընտրական օրենսգիրքն անընդունելի է: ՀՀԿ-ականներն իրենք էին խոստովանում, թե իրենց ներսում փոխհարաբերությունների տեսանկյունից ինչ աղետների հանգեցրեց այն՝ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո: Դեմ քվեարկելով նոր ընտրական օրենսգրքին, հուսով եմ, ՀՀԿ-ն վերջին վնասը տվեց ՀՀ-ին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ԱԺ ընտրություններին, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով՝ նշյալ վտանգները հաղթահարելու համար գործող իշխանությունը պետք է բավարար չափով լայնախոհ լինի:
«Այդ նպատակին կարող էր ծառայել վերջին իրադարձություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի համախմբումը, բայց դա չարվեց: Գործող իշխանությունը գնալու է միակուսակցականացման ճանապարհով՝ հեղափոխությունը ՔՊ-ի վերածելու ճանապարհով՝ «Իմ քայլը» դաշինքի անվան տակ: Ակնհայտ է, որ դա ձեւական դաշինք է, որում ՔՊ-ն է գերակշռում՝ անգամ կադրային տեսանկյունից: Որոշ հայտնի գործիչներ ընտրություններից առաջ են որոշում դառնալ ՔՊ անդամ: Հասկանում եմ, որ իրենց պարտադրվել է՝ կամ ՔՊ, կամ ընտրություններում դուք թիմում չեք: Իմ տպավորությունը, համենայն դեպս, այդպիսին է»,-համոզմունք հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ «Իմ քայլի» ցուցակում նախկին ՀՀԿ-ականներ կան, Հովսեփ Խուրշուդյանը նշեց. «Փաստորեն, վարչապետի համար ավելի համերաշխ է նախկին հանրապետականների հետ, որոնցից ոմանց այսօր նաեւ բարձր պաշտոնների են նշանակում՝ այդ թվում՝ քրեական անցյալ ունեցողները: Թալանին մասնակցելն ինձ համար քրեական անցյալ ունենալ է: Փաստորեն, ՔՊ-ն ավելի համերաշխ է այդպիսի մարդանց հետ, քան նրանց, ովքեր իրենց հետ հեղափոխություն են արել: Դա ինձ մտորումների տեղիք է տալիս: Դա կարող է ազդել նոր ԱԺ-ի որակի վրա: Չեմ կասկածում, որ այն լինելու է ժողովրդի կողմից ընտրված, չեմ կասկածում, բայց կա Երեւանի ավագանու ընտրությունների փորձը: ՔՊ-ն անհասկանալի թիվ ապահովեց, ինչը վնաս է նաեւ ավագանու գործունեության արդյունավետությանը: Եթե նույնը կրկնի նաեւ ԱԺ-ում, ի՞նչ կլինի: Հիմնականում ՔՊ-ի քաղաքական գործիչները կհամալրեն գործադիր իշխանությունը: Այդ դեպքում, ո՞վ է ԱԺ-ում որպես պատգամավոր աշխատելու: Ովքե՞ր են այդ գործիչները, ինչո՞ւ մենք նրանց չենք ճանաչում: Այսինքն, նրանք նոր պետք է դառնա՞ն քաղաքական գործիչ, ԱԺ-ն դառնալու է փորձադա՞շտ…հինգ տարի չեն լինելու արդյունավետ քաղաքական որոշումներ, որպեսզի ԱԺ-ն քաղաքական գործիչների համար որպես դպրոց ծառայի՞»:
Նշյալ սցենարի դեպքում, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, նոր ԱԺ-ն կլինի գործադիրի կցորդ, ինչպես նախկինում էր, որը «կնոպկա սեղմողների» հավաք կհիշեցնի. «Արդյոք այդպիսի մարդիկ կարողանալո՞ւ են ճիշտ քաղաքական որոշումներ կայացնել եւ, օրինակ, որոշ դեպքերում «ոչ» ասել մի մարդու, որի հեղինակության եւ անվան հաշվին իրենք հայտնվել են ԱԺ-ում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ